FlyOne Armenia–ը չեղարկել է 2 չվերթ` դեպի Սոչի, Եկատերինբուրգ և հակառակ ուղղությամբ

FlyOne Armenia
Ընկերությունից հայտնում են, որ չեղարկման մասին հայտարարվել է երկու չվերթերի բոլոր ուղևորներին և նրանց առաջարկել են համապատասխան օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Օդանավերի տեխնիկական անսարքության պատճառով FlyOne Armenia ընկերությունը հայտարարել է երկու չվերթերի չեղարկման մասին։ Օգոստոսի 28-ին չեղարկվել է նախատեսված Սոչի-Երևան 3F350 չվերթը: Տեղեկությունը հայտնում է FlyOne Armenia ընկերությունը։
Ընկերությունից հայտնում են, որ չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։
«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից հետո ապահովվել են հյուրանոցով: Ընկերությունը չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին առաջարկում է գումարի ամբողջական վերադարձ կամ գումարի փոխանցում ուղևորի անունով FlyOne Armenia –ի առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակ` տոմսի գումարի 110%-ի չափով, կամ թռիչքի օրվա փոփոխություն՝ ընկերության կամ այլ ավիաընկերության միջոցով»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 29-ին չեղարկվել է նաև նախատեսված Երևան–Եկատերինբուրգ–Երևան 3F 477 չվերթը։
Չեղարկման մասին իրազեկվել է չվերթի բոլոր ուղևորներին և նրանց առաջարկվել են այն նույն պայմանները, ինչ Սոչի-Երևան չվերթի ուղևորներին։
«Ավիաընկերության աշխատակիցները մշտական ու անհատական կապի մեջ են երկու չվերթների ուղևորների հետ՝ առաջացող ցանկացած խնդրին արագ ու ժամանակին լուծում տալու ուղղությամբ։ Ընկերության ուղևորների սպասարկման ծառայությունը հասանելի է ուժեղացված ռեժիմով»,– վստահեցնում են FlyOne Armenia –ից։
Ավիաընկերությունից նաև հայտնում են, որ չվերթերի խափանումն առաջացրել է դեպի Ռուսաստան և հակառակը չվերթերի ժամանակացույցի որոշակի փոփոխություններ։