Անթույլատրելի է 120 հազար մարդու պաշարման մեջ պահելը. Միրզոյանը` սլովենացի պաշտոնակցին

Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը
Կարևոր են միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Անթույլատրելի է 21-րդ դարում 120 հազար մարդկանց փաստացի պաշարման մեջ պահելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
«Նախարար Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն ի կատար ածելու, Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու և Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետը կանխելու հրամայականը: Շեշտվել է միջազգային գործընկերների կողմից, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հստակ ուղերձների, քայլերի կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության շուրջ:
Նշենք, որ պաշտոնյաների հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։