ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը վրդովեցուցիչ է համարել Ադրբեջանի պահվածքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր Լաչինի անցակետում երեք հայ ֆուտբոլիստների ձերբակալության մասին, որոնց մեղադրում են «հանրապետության դրոշը անարգելու» մեջ: Ադրբեջանական դատարանի որոշմամբ նրանք ձերբակալվել են։
«Խորապես մտահոգված եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր վրդովվեցուցիչ վարքագիծը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն, մարդասիրական հասանելիության մերժմանը և ԿԽՄԿ-ի ծայրահեղ կարևոր աշխատանքի խաթարմանը։ Դա անընդունելի է»,-նշել է Սենատի կոմիտեի նախագահը X-ում իր միկրոբլոգում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։