Ամերիկայի ստվերային տերը. աշխարհի ամենահարուստ մարդն անկառավարելի է դառնում

Իլոն Մասկը. Արխիվային լուսանկար
Sputnik
Երևի հիշում եք Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս տասնչորսերորդի ամենահայտնի արտահայտությունը. «Պետությունը ես եմ»։ Անցած տարի մոտավորապես նույն միտքն է արտահայտել աշխարհի ամենահարուստ մարդը։ Երբ Իլոն Մասկին հարցրել են՝ արդյոք ձեր ազդեցությունն ավելի՞ մեծ է, քան ամերիկյան կառավարությանը, միլիարդատերը առանց ավելորդ համեստության անկեղծորեն պատասխանել է. «Ինչ-որ իմաստով՝ այո՛»։ Մասնագետները փաստում են` Մասկն ամենևին չի չափազանցել, և անկախ նրանից, թե ով է պաշտոնապես ղեկավարում Ամերիկան, երկրի իշխանությունները անմիջականորեն կախված են մեծահարուստից ամենատարբեր բնագավառներում։
Տեսե՛ք։ Ենթադրենք, թե ես դեմոկրատ եմ, և նախընտրական ծրագրիս գլխավոր կետերից մեկն է հասնել այն բանին, որ չորս տարի հետո ավտոմեքենաների 90 տոկոսը լինի էկոլոգիապես մաքուր։ Շատ լավ գիտեմ, իհարկե, որ Ամերիկան, այնուամենայնիվ, մի քիչ տարբերվում է Հայաստանից, որտեղ քաղաքական որևէ ուժ կարող է ոչ միայն չկատարել իր նախընտրական խոստումները, այլև անել ճիշտ հակառակը, բայց հաջորդ ընտրություններում նորից մեծամասնություն շահել պառլամենտում։ Ամերիկայում էդպիսի տարօրինակ բաներ չեն կատարվում, և հաջորդ անգամ ինձ կընտրեն միայն այն դեպքում, եթե գրեթե բոլոր ավտոմեքենաները իրոք էլեկտրական լինեն։ Իսկ ո՞վ է այդ մեքենաների արտադրության առաջատարը։ Այո՛, շատ ճիշտ եք՝ Իլոն Մասկի «Տեսլան»։ Այսինքն` իմ քաղաքական ապագան և կարիերան ինչ-որ չափով այդ մարդուց են կախված։
Ի դեպ, գիտ՞եք արդյոք, թե որտեղ է գտնվում «Տեսլայի» ամենամեծ գործարանը։ Չինաստանում։ Եթե «Տեսլան» տարեկան մոտ մեկ միլիոն ավտոմեքենա է թողարկում, ապա դրա կեսից ավելին պատրաստվում է Շանհայում։ Եվ այս հանգամանքը չեն կարող անտեսել ամերիկացի քաղաքագետները, կոշտ գծի կողմնակիցները, որոնք քարոզում են Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմը, բայց չեն համարձակվում ստիպել Մասկին փակել իր սուպերգործարանը Շանհայում։ Այսինքն` այս դեպքում էլ մեծահարուստն ազդում է իշխանությունների քաղաքականության վրա։
Կամ վերցրեք տիեզերական ծրագրերը։ Չեմ ուզում անդրադառնալ այն ֆանտաստիկ գաղափարին, որը մի քանի տարի առաջ հրապարակեց Իլոն Մասկը՝ մինչև 2050 թվականը Մարս ուղարկել մոտ մեկ միլիոն մարդու՝ Կարմիր մոլորակը բնակեցնելու նպատակով, և ստեղծել 1000 աստղագնացներից կազմված տիեզերական նավատորմ։ Խոսքն այսօրվա իրողության մասին է, իսկ այդ իրողությունն այն է, որ հիմա ամերիկացի տիեզերագնացներին միջազգային տիեզերակայան հասցնելու համար ՆԱՍԱ-ն հնարավորություն ունի օգտագործելու միմիայն SpaceX ընկերության հրթիռները։ Իսկ այդ ընկերությունը ո՞ւմ է պատկանում։ Էլի շատ ճիշտ եք՝ Իլոն Մասկին։
Բայց ամենից վառ կերպով մեծահարուստի դերն ամերիկյան քաղաքականությունում երևաց մոտ մեկ տարի առաջ։ Ահա թե ինչ է պատմում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար Քոլին Քալը. «Երբ Ուկրաինայից սկսեցին տագնապալի լուրեր ստացվել, Փարիզում հանդիպեցի Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց մեր պաշտպանության նախարարությունից ինձ ասացին. «Զանգահարիր Իլոն Մասկին»։ Շատ զարմացա, թե ինչ կապ ունի միլիարդատերը ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Եվ ինձ բացատրեցին՝ ախր հենց այդ մարդն է ինտերնետով ապահովում ողջ Ուկրաինան, հենց նրա «Սթարլինք» արբանյակների շնորհիվ են կարողանում ուկրաինացի զինվորականները ծրագրել և իրականացնել ռազմական գործողությունները։
Իսկապես, Իլոն Մասկն արբանյակային կապից մի պահ զրկեց ուկրաինական զինված ուժերին և տրամաբանական հարց բարձրացրեց ամերիկյան կառավարության առջև. «Ինչո՞ւ պիտի ես սեփական միջոցներից ֆինանսավորեմ ուկրաինացիների կապն այն դեպքում, երբ ուրիշները միլիոններ են աշխատում՝ զենք մատակարարելով Կիևին»։ Ու սկսվեց քաոսը։ Մեր հայրենակիցները, որոնք անմիջական առնչություն են ունեցել ռազմական գործողությունների հետ, շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում կապի բացակայությունն առաջնային գծում։ «Նյու Յորքեր» պարբերականը ներկայացնում է ուկրաինացի զինվորական Նիկոլայի պատմածը. «Մեր ստորաբաժանումը ընդհուպ մոտեցել էր ճակատային գծին, երբ Սթարլինքն անսպասելիորեն դադարեցրեց աշխատանքը։ Կտրվեց կապը մյուս զորամիավորումների հետ, ու մենք հայտնվեցինք լիակատար մեկուսացման մեջ. չգիտեինք, թե որ կողմից կարող է մոտենալ հակառակորդը, զինվորները՝ իրենց կյանքը վտանգելով, դեսուդեն էին ընկնում, որպեսզի հասկանային, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ստիպված նահանջեցինք, այլ ելք չունեինք»։
Ահա, այսպես աննկատ աշխարհի ամենահարուստ մարդը փաստորեն ամեն ինչի վրա ազդելու հզորագույն լծակներ ձեռք բերեց։ Ասում են՝ պատանեկության տարիներին նրա վրա անջնջելի տպավորություն են թողել անգլիացի երևի թե ամենակարդացվող ֆանտաստ գրող Դուգլաս Ադամսի ստեղծագործությունները, որոնցից մեկի հերոսը դառնում է մեր ողջ գալակտիկայի նախագահը։ Նա նույնիսկ համաձայնում է, որ ոչնչացվի մեր հարազատ երկնագույն մոլորակը, որը խանգարում էր միջաստղային կոմունիկացիաներին։ Այսինքն` հրաժարվել բնօրրանից՝ հիմնավորելով, որ դա անհրաժեշտ է համընդհանուր բարօրության և խաղաղության հասնելու համար։ Ինչ-որ շատ ծանոթ բան կա այս ամենում։ Թե՞ սխալվում եմ։
Մասկը խոստացել է X դարձած Twitter-ում ևս մեկ նորամուծություն մտցնել. օգտատերերը գոհ չեն