ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունն առաջարկում է Նիգերում ճգնաժամի խաղաղ քաղաքական կարգավորման նախաձեռնություն, որը 6 ամիս ժամկետով անցումային շրջան է նախատեսում։ Այս մասին հայտարարել է Ալժիրի արտգործնախարար Ահմեդ Աթաֆը։
Նախորդ շաբաթ Աթաֆն այցելեց Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության երեք պետություններ` Նիգերիա, Բենին և Գանա` հարևան Նիգերում առկա ճգնաժամը քննարկելու համար։ Բացի այդ, ապստամբների կողմից նշանակված Նիգերի վարչապետ Ալի Մահաման Լամին Զեյնը հանդիպել է Ալժիրի ԱԳՆ գլխավոր քարտուղար Լեշունես Մաքրամանեի գլխավորած պատվիրակության հետ։
«Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբունը որոշել է Նիգերի ճգնաժամի քաղաքական լուծման նախաձեռնություն ներկայացնել այն տեսլականի շրջանակում, որը հարգանք է երաշխավորում սահմանադրական փոփոխությունների անօրինական ճանաչելու սկզբունքի նկատմամբ», – ասել է Աթաֆը Ալժիրի հեռուստատեսությամբ հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։
Ալժիրի արտգործնախարարն ընդգծել է, որ այս տեսլականն ուղղված է ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ու ռազմական որևէ միջամտությունից խուսափելուն` հայտարարելով կարգավորման համար քաղաքական մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։
«Նախ` սահմանադրական փոփոխությունների ոչ օրինական լինելու սկզբունքի ամրապնդում։ Երկրորդը` 6 ամիս ժամկետով անցումային շրջանի հաստատում քաղաքական լուծման հասնելու նպատակով, լուծում, որը կերաշխավորի Նիգերում սահմանադրական և ժողովրդավարական համակարգի վերադարձը», – ասել է Աթաֆը։
Նիգերի զինվորականները հուլիսի վերջին ազգային հեռուստատեսությամբ հայտարարել էին նախագահ Մոհամեդ Բազումին իշխանությունից հեռացնելու մասին: Արևմտյան երկրների մեծ մասի և ECOWAS-ի առաջնորդները դատապարտել են հեղաշրջումը: Օգոստոսի սկզբին ECOWAS-ի երկրները ծրագիր ընդունեցին` Նիգերում ռազմական ինտերվենցիայի դեպքում այն կիրառելու համար: