ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու համար կառուցապատողները երկու ամիս ժամանակ են ունեցել։ Սեպտեմբերի 1–ից վերահսկողություն և վարչարարություն կիրականացվի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պահանջները չեն կատարել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը։
Նշենք, որ մի քանի օրից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները։ Մասնավորապես, շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը: 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների դեպքում կտեղադրվեն օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ: Իսկ մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար շինարարական մեքենաները շինհրապարակից պետք է դուրս գան հատուկ մետաղական էստակադայի վրա անիվների լվացվելուց հետո:
Ասատրյանը նշեց, որ շինարարներն ու կառուցապատողները այս ընթացքում իրազեկվել են ցանցեր, մոնիթորինգի ցուցիչներ գնելու և գործընթացը ապահովելու համար, և եթե սեպտեմբերի 1–ից սկսված Երևանի բոլոր վերահսկող ստորաբաժանումներում նորմերի խախտումներ հայտնաբերվեն, վարչարարություն է իրականցվելու։ Նախատեսվում է տուգանք` առաջին անգամի դեպքում 50-100 հազար դրամ, երկրորդից սկսած տուգանքի կրկնապատիկի չափով` 100–200 հազար դրամ։
«Փորման աշխատանքից սկսած կառուցապատողը պարտավորվում է շինհրապարակը կահավորել համապատասխան ցանցով, որը կարևոր պայման է հարակից ազգաբնակչությանը անհարմարություններ չպատճառելու համար։ Միևնույն ժամանակ ջրցանների աշխատանքը կարևոր է, որ աշխատակիցները, կառուցապատողները, շինարարները չմնան փոշոտ տարածքում։ Իսկ ամենակարևոր պայմաններից մեկն այն է, որ շինհրապարակում համապատասխան օբյեկտը պետք է ողջ բարձրությամբ ծածկով ծածկված լինի»,–պարզաբանեց նա։
Միևնույն ժամանակ Ասատրյանը նշեց, որ կառուցապատողները ներքին ռեսուրսներով և գործիքներով պետք է օդի աղտոտվածության դեմ պայքարեն և առնվազն մշտապես ջրեն շինհրապարակը (նման պահանջ ևս կա), քանի որ օդի փոշոտման դեմ ամենաարդյունավետ գործիքներից մեկը ջրելն է։
Ինչ վերաբերում է օդի որակի մոնիթորինգի սարքավորումներ տեղադրելու պահանջին, քաղաքապետարանի ներկայացուցիչը նշեց, որ դա իրենց թույլ կտա ամենօրյա մոնիթորինգ իրականացնել։ Նաև տեղազննություն կարվի և նորմերի խախտման դեպքում վարչարարություն կիրականացվի։
«Այսինքն` սեպտեմբերի 1–ից երկու գործիք է կիրառվելու` մեկը վերահսկելու տեսանկյունից, մյուսը հստակ կանխելու համար»,– նշեց նա։
Ասատրյանը տեղեկացրեց, որ այս պահին Երևան քաղաքում կան շուրջ 900 չորրորդ կատեգորիայի օբյեկտներ, որոնց մեծ մասը բազմաբնակարան բնակելի շենքեր են։ Դրանցից շուրջ 600–ը ակտիվ շինարարական ընթացքի մեջ են, իսկ մյուս 300–ի մեջ տարբեր պատճառներով դադարեցված կամ արդեն ավարտին հասված, բայց շահագործման թույլտվություն չստացած շինություններ են։
Անդրադառնալով բոլոր շինհրապարակներում հանդիպող հիմնական խնդիրներից մեկին` տարածքն աղտոտելուն, Ասատրյանը նշեց, որ գործող կարգավորումներից մեկով պահանջվում է, որ շինհրապարակից դուրս եկեղ մեքենաները մուտք ու ելքի ժամանակ լվացվեն, որպեսզի շինհրապարակի փոշին ու կեղտը դուրս չբերվի տարածքից։ Սակայն այս պահանջը չի պահպանվում և դրա հետ կապված խնդիրներ են լինում։
«Օրինակ` ավտոլվացման կետեր կան, բայց կահավորված են այնպիսի տեղերում, որ լվանալուց հետո էլ մեքենան փոշոտված է դուրս է գալիս շինհրապարակից փողոց։ Դրա համար ֆիքսվեց, որ լվացման կետը պարտադիր պետք է կահավորված լինի մուտքի դռան մոտ»,–նշեց նա։
Մյուս խնդիրն այն է, որ շինարարական կույտերը համապատասխան ծածկերով չեն ծածկվում, որպեսզի քամին փոշին չտարածի։ Այդ կույտերը պետք է ծածկված լինեն անթափանց ծածկերով։
Թե որքանով այս նորմերի պահպանումը կնվազեցնի օդի աղտոտվածությունը` քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ օդի որակի մոնիթորինգի սարքավորման միջոցով հստակ պատկեր կլինի աղտոտվածության վերաբերյալ և հետագայում էլ հնարավոր կլինի համեմատել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և հետո ունեցած պատկերը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային ասել էին, որ օդում փոշու և այլ աղտոտիչների մեծ քանակության պատճառով մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, մասնավորապես սրվում են ալերգիաները, սրտանոթային (սրտի իշեմիկ հիվանդություն, ինսուլտներ), սուր և քրոնիկ շնչառական հիվանդությունները, թոքի քաղցկեղը և այլն։