Զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Նախնական տվյալներով` կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում զինծառայողը կրակել է դիրքի ավագի վրա, ապա ինքնասպան եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ երեկ` օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ ՊՆ N զորամասի երկու զինծառայողների մահվան հանգամանքները:
«2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում»,–ասված է հայտարարության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում հոդվածով։
Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: