Ընտրվելու դեպքում չեմ մտնելու իմ «կաբինետ». Երվանդ Թարվերդյանը ասել է, թե ինչ է անելու

«Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը
Քաղաքապետի թեկնածուն ընդգծում է` պատրաստ են համագործակցել անխտիր բոլորի հետ և համախմբել` «մենք բոլորս իրար հետ ուժեղ ենք» գաղափարի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Երևանի ավագանու ընտրությունները լիարժեք քաղաքական ընտրություններ են, որի ժամանակ մարդիկ պետք է ընտրեն ոչ թե կոմունալի կամ տրանսպորտային հանգույցի ղեկավարի, այլ մարդու, որը կարող է կանոնակարգել մի ամբողջ հայ ազգի մայրաքաղաքի հիմնախնդիրները։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
Նշենք, որ Երևանում արդեն մի քանի օր է մեկնարկել է ավագանու նախընտրական քարոզարշավը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 15–ը։ Ընտրությունների մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Թարվերդյանի ղեկավարած կուսակցությունը մասնակցում է ընտրություններին քաղաքացու վստահության քվեն ստանալու ակնկալիքով։
«Եթե «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ստանա ձայների մեծամասնությունը և քաղաքացու վստահությունը, հետևանքը լինելու է այս իշխանություններին հեռացնելը։Եթե ես ստանամ բացարձակ մեծամասնություն, ես չեմ մտնելու «կաբինետ»։ Դրանով վերահաստատվելու է այն, որ իշխանությունները չունեն բացարձակ իշխանություն պետությունում և անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Իսկ նոր ընտրություններ կազմակերպելու քաղաքական իրավունքը ես կստանամ, եթե ունենամ ժողովրդի մեծամասնությունը»,–ասաց Թարվերդյանը։
Ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերի մեջ, Թարվերդյանի դիտարկմամբ ներկայացված է ՀՀ–ի ամբողջ քաղաքական դաշտը։ Նրա խոսքով` շատերի համար կուլիսային և փողոցային ակտիվի խոսակցություններում «Միացյալ Հայաստան» կուսակցությունը համարվում է ամենաանհասկանալի ուժը, և դա էլ իր բացատրությունն ունի։
«Որովհետև, չգիտես` ինչու, մարդիկ ցանկանում են նոր ձևավորվող քաղաքական ուժին տեսնել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կամ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմում։ Իրականում հոգնել ենք բոլոր քաղաքական ուժերից, դրանք մեկը մյուսի հետևից մարդկանց մոտ կորցրել են հավատը։ Եկել է մի մարդ, որի համար չկա քաղաքական ուժ հետընտրական փուլում, և որը կապ չունի որևէ ուժի հետ»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ քաղաքապետի թեկնածուն ընդգծում է` պատրաստ են համագործակցել անխտիր բոլորի հետ, անգամ նրանց հետո, ովքեր հայտ չեն ներկայացրել այս ընտրություններին մասնակցելու, սակայն կշիռ ներկայացնող են և Երևանի զարգացման համար կարող են իրենց առաջարկություններն ունենալ։
«Մեր քաղաքական ուժը միգուցե այն քաղաքական ուժն է, որը կարող է բոլորին համախմբել «մենք բոլորս իրար հետ ուժեղ ենք» գաղափարի շուրջ, առանձին–առանձին ոչ ոքի պետք չենք։ «Միացյալ Հայաստանը», ժողովրդական լեզվով ասած, քաղաքական մերանն է հանդիսանալու»,–ասաց նա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ ուժերը.
«Հանրային ձայն» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբումը» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինք
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23–ին, կավարտվի սեպտեմբերի 15–ին։
Քաղաքային ընտրությունը չի կարող հանգեցնել իշխանափոխության. Դավիթ Խաժակյան