Թեհրանը հերթական անգամ հերքել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները

Քանանին ընդգծել է, որ Իրանն Ուկրաինայում հակամարտության կողմ չէ, իսկ ՌԴ-ի հետ Իսլամական Հանրապետության համագործակցությունը տեղի է ունենում միջազգային օրենքների շրջանակներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հերքել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին մեղադրանքները: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, ապա մենք ականատես ենք լինում արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ԶԼՄ-ների կողմից հանրությանը մոլորության մեջ գցելու շարունակությանը։ Մենք բազմիցս հերքել ենք այդ հայտարարությունները։ Իրանն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ»,-ասել է Քանանին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է` Իսլամական Հանրապետությունը պնդում է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է քաղաքական լուծում ունենա, իսկ այն կողմերը, որոնք Իրանին մեղադրում են Ռուսաստան ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ, պետք է դադարեցնեն իրենց սպառազինությունների զանգվածային մատակարարումը հակամարտության կողմերից մեկին, քանի որ «զենք ուղարկելը չի նպաստում հակամարտության ավարտին, և, ըստ էության, հակասում է նրանց իսկ հայտարարություններին»:
Բաքվի մտավախությունն անհասկանալի է. Քանանին` Ալիևի հայտարարության մասին
Քանանին հստակեցրել է, որ պաշտպանության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների շրջանակներում՝ համատեղ շահերից ելնելով, ընդունված միջազգային օրենքների և դրույթների հիման վրա: Այն սկսել է իրականացվել նախքան հատուկ ռազմական գործողության սկիզբը և կապված չէ որևէ հարցի հետ` լինի դա Ուկրաինայում հակամարտությունը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ կամ «միջուկային գործարք»), բանակցությունները կամ այլ հարցեր։ Նա հայտարարել է, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ և կշարունակվի ապագայում:
Արևմուտքը պնդում է, թե Իրանն իբր անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչուներ մատակարարել է, սակայն հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ: Իրանն անհիմն է անվանել ուկրաինական հակամարտությունում իրանական ԱԹՍ-ների իբր կիրառման մեղադրանքները և նշել է, որ Կիևն այդպես էլ դրա որևէ ապացույց չի ներկայացրել:
Իրանի ԱԳՆ-ն խոստանում է պատասխանել Եվրամիության նոր պատժամիջոցներին. Քանանի