ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Պակ Ջինին։ Տեղեկությունը հրապարակված է Միրզոյանի X-ի (նախկին` Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարներն ու քայլերը:
«Ներկայացվել է տարածաշրջանային իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ծանր հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով»,– նշված է գրառման մեջ։
Նախարար Միրզոյանը կարևորել է այս հարցում միջազգային գործընկերների առավել համարձակ դիրքորոշումները:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները:
«Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։