ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հնարավոր է` Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը դուրս գա նախագահական մրցապայքարից` Սենատում տեղի համար պայքարելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Քաղաքական շրջանակներում լուրեր կան, որ Ռոն Դեսանկտիմոնիուսը (հեգնական մականուն, որը Թրամփը տվել է Ֆլորիդայի նահանգապետին,– խմբ.) դուրս կգա նախագահական մրցապայքարից»,-գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում:
Թրամփը հավելել է, որ Դեսանտիսի ներկայիս նախագահական քարոզարշավը «անշնորհք» է ընթանում, նրա քաղաքական վարկանիշները «ամբողջովին փլուզվել են», իսկ նախագահական հավակնությունների փոխարեն նա պայքարելու է Սենատում տեղի համար՝ Ֆլորիդա նահանգից:
ՌԻԱ Նովոստիի փորձագետների կարծիքով՝ Դեսանտիսը չի կարողացել օգտվել վերջին հանրապետական բանավեճից՝ իր կուսակցության առաջադրման համար պայքարում դիրքերն ամրապնդելու համար, մինչդեռ մյուս թեկնածուներն ավելի հաջող են հանդես եկել:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Դեսանտիսից բացի, Հանրապետական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվելու են հավակնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, գործարար Վիվեկ Ռամասվամին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, սենատոր Թիմ Սքոթը՝ Հարավային Կարոլինա նահանգից, Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին և այլք: ԱՄՆ ներկայիս նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը ապրիլին հայտարարել էր, որ նույնպես մտադիր է մասնակցել ընտրություններին: