ՀՀ զորամասերից մեկում 2 զինծառայող է մահացել

Զինծառայողների սաղավարտներ. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 27–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի զորամասերից մեկում 2 զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը
«Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը»,–ասված է հայտարարության մեջ:
Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Նշենք, որ երեկ էլ հայտնի դարձավ, որ հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։
Հիշեցնենք, որ միայն օգոստոսի ընթացքում հայկական բանակում արդեն վեց զինծառայող է մահացել, որից միայն մեկն է զոհվել ադրբեջանական կրակոցների արդյունքում։