ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը` ընդլայնված կազմով: Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռից, ժողովի ժամանակ քննարկվելու է Հայաստանում և Արցախում ստեղծված կացությունը։ Բացի այդ, օրակարգում է նաև Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։
Ավելի վաղ` հուլիսի 29–ին, առևանգվել էր անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։