ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Բացահայտվել է 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել 18-ամյա երիտասարդ, որը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։
ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 2006թ.:
«Պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկի հարակից այգում տուժողի եղբոր հետ նախկինում տեղի ունեցած անձնական բնույթի վեճի կապակցությամբ 17-ամյա երիտասարդը հանդիպել է վերջինիս ավագ եղբորը՝ 18-ամյա երիտասարդին: Վիճաբանության ընթացքում 17-ամյա երիտասարդն իր ձեռքին եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»,-նշված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 25-ին 17-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն Շենգավիթի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է,և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: