Դատապարտելի է և անթույլատրելի. ՀՀ ՄԻՊ–ը` Լաչինի միջանցքից առևանգման մասին

Հրատապության կարգով գրություններ կուղարկվեն միջազգային գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող 22-ամյա ուսանողին Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից առևանգելու մասին տեղեկություն ստանալուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դեպքի առնչությամբ սկսվել են ուսումնասիրություններ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Նշվում է, որ Անահիտ Մանասյանն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների գործընկերների հետ։
Քննարկվել են նաև անցակետում համանման այլ միջադեպերի հետ կապված հարցերը։
«Արդյունքները հրատապության կարգով կամփոփվեն և գրություններ կուղարկվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ միջազգային դերակատարների, այդ թվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է։
Պաշտպանն ընդգծում է, որ գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ, չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։
Դրանից հետո Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն տարածեց` նշելով, թե անցակետում է «ձերբակալվել են 3 հայ ֆուտբոլիստներ»։ Նրանք մեղադրվում են իբրև թե 2 տարի առաջ Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել 2 հոդվածով։