Բաքուն հայտնել է 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Երիտասարդների նկատմամբ պատիժ է սահմանվել 10-օրյա կալանքն ու արտաքսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. Այսօր Լաչինի միջանցքից առևանգված արցախցի 3 երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, այսօր Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով։
«Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, նրանց անկեղծ զղջումը և դատավարական օրենսդրության պահանջների պահպանումը` կիրառվել է մարդասիրության սկզբունքը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,– նշված է Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
Հաղորդվում է, որ նրանք 3-ն էլ ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 10-օրյա ազատազրկումն ու «Ադրբեջանի տարածքից արտաքսումը»։
Ավելի հաղ Բաքուն հայտնել էր, որ հաշվի առնելով տղաների տարիքը` կարող են նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում են, որ նրանց արտաքսեն Հայաստան։
Հիշեցնենք` հուլիսի 29–ին էլ առևանգվել էր անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։