Ազգային ընտրությունների անհավանական առանձնահատկությունները Ամերիկայում

Հեռուստաբանավեճի ժամանակ
Անցած շաբաթ Միացյալ Նահանգներում սկսվեցին հեռուստաբանավեճերը երկու գլխավոր կուսակցությունների նախագահության թեկնածուների մասնակցությամբ։
Sputnik
Եթե կարծում եք, թե միմյանց հետ վիճում էին դեմոկրատները և հանրապետականները, սխալվում եք, խոսքն այն մասին է, որ Միչիգան լճի ափին գտնվող Միլուոկի քաղաքում հավաքվել էին միայն հանրապետական կուսակցության ութ թեկնածուները, որոնք ներկայացնում էին իրենց տեսակետները շարքային կուսակցականներին։ Կյանքում տեսե՞լ եք Հայաստանում, որ գոնե մի կուսակցություն իր համակիրներին ներկայացնի միանգամից մի քանի թեկնածու և առաջարկի՝ ինքներդ որոշեք, թե նրանցից որ մեկը լավագույնս կնպաստի կուսակցության հաղթանակին հերթական ընտրություններում։
Համաձայնեք՝ ժողովրդավարության բաստիոն դարձած մեր երկրում նման բան պատկերացնելն անգամ շատ դժվար է, մենք սովոր ենք մարդ-կուսակցություններին, որտեղ որևէ մեկը ոչ միայն չի կարող կասկածի տակ դնել առաջնորդի ցանկացած, նույնիսկ ամենաանհեթեթ գաղափարները, այլև պարտավոր է կրծքով պաշտպանել նրան չարամիտ հակառակորդների քննադատությունից։ Կամ առնվազն սուսուփուս նստել ու միայն գլխով անել՝ հավանություն տալով շեֆի բոլոր ասածներին։ Ու հանկարծ չփորձեք ակնարկել, որ դուք էլ կարող եք ձեր թեկնածությունն առաջադրել նույն կուսակցությունից, կուսակիցները կարող են նույնիսկ շտապ օգնություն զանգահարել՝ խնդրելով անմիջապես տեղափոխել ձեզ համապատասխան բուժական հիմնարկ։
Բայց վերադառնանք ամերիկյան ազգային ընտրությունների անհավանական առանձնահատկություններին։
Եթե որոշել եք Ամերիկայի նախագահ դառնալ ու ցանկանում եք մասնակցել հանրապետականների ներկուսակցական հեռուստաբանավեճին, պիտի կատարեք երեք պարտադիր պահանջ՝ նախ, խոստանաք, որ ով էլ ի վերջո դառնա հանրապետականների թեկնածու, դուք միանշանակ սատարելու եք նրան. երկրորդ՝ ապացուցեք, որ առնվազն 40 հազար ընտրող ֆինանսապես աջակցել է ձեր նախընտրական արշավին և, վերջապես, գոնե 1 տոկոս վարկանիշ ունենաք մի քանի սոցիոլոգիական հարցումներում։ Թեկնածուներից մեկը, գիտե՞ք, ինչ էր արել։ Այդ պահանջվող 40 հազար ընտրողի ֆինանսական աջակցությունն ապահովելու նպատակով հրապարակավ հայտարարել էր՝ ով գոնե մեկ դոլար կհատկացնի իմ ընտրարշավին, ինձնից կստանա 20 դոլար։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի դոլար մուծում եք, ստանում եք 20 դոլար։ Միշտ ասել եմ՝ նման հրաշք երկիր աշխարհում չկա։
Զարմանք սոցցանցերում. արդեն հայանպաստ գործիչներին էլ թույլ չեն տալիս գալ Երևան
Ընդ որում, Դոնալդ Թրամփը այս հեռուստաբանավեճին ընդհանրապես հրաժարվել էր մասնակցել։ Իհարկե, բոլորովին ոչ այն պատճառով, որ 40 հազար ընտրողի աջակցություն չի կարողացել ապահովել, կամ վարկանիշը մեկ տոկոսին չի հասնում։ Ճիշտ հակառակը՝ նրա վարկանիշն այնքան բարձր է, որ հարկ չի համարել բանավիճել նրանց հետ, ովքեր նախագահ դառնալու շանս ընդհանրապես չունեն։ Վերլուծաբանների կարծիքով, շատ էլ ճիշտ է արել, որովհետև հանրապետականների բազմաթիվ աջակիցներ այս հեռուստաբանավեճից հետո հաստատ կորոշեն՝ չէ′, մեր հարազատ Թրամփից լավը չկա։ Այսինքն, մարդը հաղթեց բանավեճում հենց այն պատճառով, որ չմասնակցեց այդ բանավեճին։ Բա որ ասում եմ՝ Ամերիկան պարադոքսների երկիր է։
Իսկ ներկաներից, ըստ մեկնաբանների, անսպասելիորեն հաղթեց բոլորովին անհայտ թեկնածու, ազգությամբ հնդիկ, միլիոնատեր Վիվեք Ռամասվամին, որն ակնհայտորեն ուզում էր Թրամփից էլ ավելի Թրամփ երևալ։ Անսովոր հայտարարություններ էր անում, իսկ մենք հո գիտենք՝ դա ընտրողների մի զգալի մասին շատ է դուր գալիս։ Օրինակ, Ռամասվամին բազմիցս է հայտարարել՝ ես ամերիկացի ազգայնական եմ։ Առաջին հայացքից, տարօրինակ է։ Բայց ախր ես հիշում եմ՝ դեռ Վլադիմիր Իլյիչ Լենինն էր փաստում, որ այլազգիները երբեմն կարող են ավելի թունդ ռուսական ազգայնականներ լինել, քան ռուսները։ Եվ օրինակ էր բերում ազգությամբ լեհ Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկուն։
«Հեղափոխությունները սովորաբար սկսվում են ոգևորությունից և ավարտվում արցունքներով». Սորոս
Ճիշտ է, բանավեճի մնացած մասնակիցները, որոնց թվում էին նախկին փոխնախագահ Մայք Փենսը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլին, մեղադրեցին հնդիկին այն բանում, որ արտաքին քաղաքականությունից ընդհանրապես գաղափար չունի, բայց նա էլ հակադարձեց՝ իսկ դուք, փորձառուներդ, այս ի՞նչ օրի եք հասցրել պետությունը. թույլ եք տվել, որ ներգաղթյալները լցվեն մեր երկիրը, ու նաև մեր պետբյուջեից հսկայական միջոցներ եք հատկացնում Ուկրաինայի նախագահին, որին Հռոմի պապից ավելի շատ եք պաշտում։ Համաձայնե′ք, նման պարզունակ ու կտրուկ պնդումները Հայաստանում էլ են շատ ավելի մեծ ազդեցություն թողնում որոշ ընտրողների վրա, քան լուրջ գիտելիքներ և փորձ ունեցող քաղաքական գործիչների բարդ վերլուծությունները։
Դե ինչ, մնում է համաձայնել ամերիկացի հայտնի գրող Ամբրոզ Բիրսի այն նկատառման հետ, որ քվեարկությունը անկախ քաղաքացու՝ սեփական երկիրը կործանման տանելու անքակտելի իրավունքի վառ արտահայտությունն է։