Ադրբեջանը ծրագրում է հավաքական պատժի ենթարկել ԼՂ ողջ ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ն` առևանգման մասին

Ադրբեջանական կողմն ամեն կերպ խուսափում է երկխոսությունից` փոխարենը շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Տեղի ունեցող զանգվածային ոճրագործության կանխարգելումն իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր դերակատարների և քաղաքակիրթ աշխարհի կողմից ստանձնած անմիջական պարտավորությունն է: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր Լաչինի միջանցքից 3 հայ երիտասարդների առևանգմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է 22-ամյա Ալեն Սարգսյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս երկու երիտասարդներ` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը, չեն հատել անցակետը, նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Երեք երիտասարդները գալիս էին Հայաստանում սովորելու։ Ադրբեջանական կողմն էլ տեղեկատվություն տարածեց, թե 3 երիտասարդներ «ձերբակալվել են նախկինում Ադրբեջանի դրոշը անարգելու համար»։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է` տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք, եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն,պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
«Տարբեր կեղծ պատրվակներով տեղի ունեցած այս միջադեպերը թույլ են տալիս հիմնավոր մտավախություն ունենալ, որ Ադրբեջանն անթաքույց կերպով ծրագրում է հավաքական պատժի ենթարկել Լեռնային Ղարաբաղի ողջ ժողովրդին, որը նախորդ դարի 90-ականներին և 2020թ–ին ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիաներին և պաշտպանել սեփական հայրենիքում խաղաղ կենսագործունեություն ծավալելու իր իրավունքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ից հիշեցնում են, որ ավելի վաղ առևանգվել էր անհապաղ բժշկական օգնություն ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը։
Ադրբեջանական կողմն ամեն կերպ խուսափում է երկխոսությունից և փոխարենը շարունակում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը` ԼՂ ողջ բնակչությանը սովամահության ենթարկելու, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումներն արգելակելու, դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց թիրախավորման և առևանգումների միջոցով։
Դատապարտելի է և անթույլատրելի. ՀՀ ՄԻՊ–ը` Լաչինի միջանցքից առևանգման մասին
Շեշտվում է` տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված քայլերին աջակցելու փոխարեն ադրբեջանական կողմը ողջ ջանքերը ներդրել է դրանք տապալելու ուղղությամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։