700 բեռնատար սպասում է ՌԴ-ից Լարսով Վրաստան մտնելուն. Հյուսիսային Օսիայում նշել են պատճառը

Արխիվային լուսանկար
Ճանապարհային աշխատանքները մեծ հերթեր են առաջացրել՝ խոշոր բեռնատարները սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Շուրջ 700 բեռնատար սպասում է սահմանի ռուսական կողմից Վերին Լարսի անցակետը հատելուն: Այս մասին Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը հայտնել է ՀՕՀ-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյի նախաձեռնած խորհրդակցության ժամանակ։
Մասնավորապես, Տոմաևը նշել է, որ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք սպասում են ՌԴ-ից դուրս գալուն, գտնվում են Լարս և Չմի բնակավայրերի մասնագիտացված կայանատեղիներում:
«Ներկայումս ելքի 14 գոտուց աշխատում է 7-ը, ինչն ազդել է թողունակության վրա»,-ասել է Տոմաևը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նրա խոսքով՝ ճանապարհային աշխատանքները կիրականացվեն երեք օրվա ընթացքում, որից հետո անցակետը կվերսկսի աշխատանքը բնականոն ռեժիմով:
Միաժամանակ Տոմաևն ընդգծել է, որ Ռազմավիրական ճանապարհով և Տրանսկովկասյան ավտոմայրուղով ավտոմեքենաների երթևեկությունը սահմանափակված չէ:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։