Զարմացա, որ նախարարն ասում է` դժգոհություններ չկան. մասնագետը մտահոգված է ցորենի ցածր գնով

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանի մեկնաբանմամբ` ցորենի գնի հարցը ոչ միայն օրվա հացի խնդիր է, այլև գյուղատնտեսության վաղվա օրվա, գյուղացու` գյուղում մնալու։
Sputnik
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում տարակուսանք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի այն հայտարարության վերաբերյալ, թե ցորեն մշակող ֆերմերներից դժգոհություններ չեն լսել։
«Ես զարմացա, որ նախարարն ասում է` ֆերմերների կողմից դժգոհություններ չկան։ Երբ որ բոլորը դժգոհում են, ո՞նց չկա դժգոհություն։ Երևի դժգոհություն շատ մեղմ է, ուզում են, որ խիստ դժգոհեն, որ ասեն` դժգոհություն կա»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ անձամբ է հանդիպել ցորեն մշակողների հետ ու լսել նրանց մտահոգությունները ցորենի չափազանց ցածր գնի վերաբերյալ։
Հայտնել ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օգոստոսի 24-ին կառավարության նիստից հետո պատասխանելով ՀՀ–ում ցորենի իրացման աննախադեպ ցածր գնի հետևանքով առկա դժգոհությունների մասին լրագրողների հարցերին` ասել էր, որ անգամ 1 կգ–ն 80 դրամով վաճառելով` գյուղացին, միևնույնն է, շահույթ ունենում է։
Հակադարձելով Քերոբյանին` Սամվել Ավետիսյանը նշում է, որ ոչ բոլոր տեղերում է, որ 1 կգ ցորենի դիմաց գյուղացուն 80 դրամ են առաջակում։ Նրա խոսքով` կա նաև 60, 70 դրամ իրացման գին, բայց նույնիսկ Քերոբյանի նշած 80 դրամը չի ծածկում գյուղացու կատարած ծախսերը։
«Թեև պետությունը սուբսիդավորման ծրագրով սերտիֆիիկացված սորտերի համար 120 000 դրամի աջակցություն է տվել 1 հա–ի համար, իսկ ոչ սերտիֆիկացվածի համար` 70 000 դրամի, բայց անգամ այդ աջակցության գումարը ինքնարժեքից հանելու պարագայում, էլի այդ գնով իրացումը չի ծածկում ծախսերը։ Եվ գյուղացիները իսկապես լուրջ դժգոհության ալիք են բարձրացրել։ Իսկ դժգոհությունից բացի ամենավատն այն է, որ գյուղացին հիասթափված է ու չի ցանկանում այս տարի ցորեն ցանել»,– ասաց Ավետիսյանը` հիշեցնելով, որ անցյալ տարի տեղական ցորենի գինը 150-160 դրամ էր, հետևաբար, կառավարության հատկացրած 70 կամ 120 դրամը, նրա հաշվարկով, այսօրվա շուկայական ցածր գնի պայմաններում գրեթե զրոյական օգուտ է տալիս գյուղացուն։
Բանն այն է, որ Հայաստանի ցորենի պահանջարկը գրեթե 99 տոկոսով բավարարվում է Ռուսաստանից ներկրվող ցորենի հաշվին։ Իսկ Ռուսաստանում այս տարի բավականին լավ բերք է ստացվել։ Առատ բերքի ու սահմանափակ իրացման պայմաններում Ռուսաստանը մեր երկրին բավական էժան գնով ցորեն է մատակարարում։ Սամվել Ավետիսյանի տվյալներով` ռուսական ցորենի 1 կգ–ն Հայաստան է հասնում 64-65 դրամով։
ՀՀ-ում պարենային անվտանգության ռազմավարություն են մշակել. նախարարությունը պարզաբանում է
Դե, իսկ քանի դեռ Հայաստանի պահանջարկը ռուսական ցորենը բավարարում է, Ավետիսյանի բնորոշմամբ` ՀՀ կառավարությանը հայ գյուղացու մտավախություններն այնքան էլ չեն անհանգստացնում։
«Բայց խնդիրը շատ ավելի լուրջ է։ Ոչ թե միայն այսօրվա հացի խնդիրն է, այլև վաղվա գյուղատնտեսությամբ զբաղվելու, գյուղացու` գյուղում մնալու։ Սա շատ ավելի լուրջ խնդիր է, և պետք է որ կառավարությունը այս ցավոտ հարցին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերի։ Ես կարծում եմ, որ հիմա կառավարությունը պետք է գնի ինտերվենցիա անի։ Այսինքն` առնվազն 1 կգ ցորենի գնին ավելացնի ևս 100-110 դրամ, որպեսզի գյուղացին կարողանա գոնե ծայրը ծայրին հասցնել և աշնանը ցանք կատարել։ Հակառակ դեպքում, եթե գյուղացին չի կարողանում իր ցախսը ծածկել, պարզ է, որ իրեն ցանքի գումար էլ չի մնա»,– ասում է Ավետիսյանը։
Մասնագետն արձանագրում է, որ 2022թ–ի համեմատ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները շուրջ 25 տոկոսով ավելացել էին, բայց նա լուրջ մտավախություն ունի, որ այս իրավիճակի արդյունքում հաջորդ տարի դրանք դարձյալ կարող են կրճատվել։
Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը ՀՀ ներկրվող ցորենի գնի վրա չի ազդի. ԿԲ