Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ. այսօր Սևանա լճի օրն է

Սևանա լիճ
1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ, որն ունի յուրաքանչյուրիս հոգածության կարիքը։ Այսօր Սևանա լճի օրն է, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշենք, որ 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սևանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության՝ ներկայիս Շրջակա միջավայրի նախարարությունը՝ Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ։
«Սևանն աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, ունի եզակի ֆլորա և ֆաունա ու բնության անգնահատելի հուշարձաններ։ Պահպանե՛նք Սևանը միասին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկանք. Սևանա լճի մակարդակը օգոստոսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.44մ (20.08.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.021մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 181.317մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 14-20-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 20-ը ներառյալ՝ 85.999մլն. մ³