«Քի΄մ, խոսիր Արցախի մասին». ակցիա՝ Քիմ Քարդաշյանի տան մոտ

Ակցիայի մասնակիցները Քարդաշյանին հորդորել են քայլեր ձեռնարկել, որպեսզի 120.000 մարդ Արցախում սովամահ չլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ում բնակվող հայերը ակցիա են կազմակերպել հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանի տան մոտ: Համապատասխան տեսանյութը տարածել է ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։
Նրանք Քիմին հորդորել են խոսել Արցախի մասին, աշխարհին պատմել, որ 120.000 մարդ սովի է մատնված։
«Բոլոր հնարվոր ու անհնարին միջոցները օգտագործելու ենք։ Այս վայրկյանին գտնվում ենք ԱՄՆ-ի ամենահարուստ թաղամասում, ԱՄՆ-ի ամենահայտնի մարդիկ այստեղ են ապրում, նաև Քիմ Քարդաշյանը: Մենք հորդորում ենք Քարդաշյանին որպեսզի նա խոսի և իր հայտնի ընկերներին հորդորի, որ խոսեն Արցախի բլոկադայի մասին: 120000 արցախցիներ այսօր մատնված են սովի, իսկ աշխարհը լուռ է»,–տեսանյութին կից գրել է Վարդանյանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ պաստառներ են տարել, որոնց վրա գրված է. «Բայդե΄ն, խոսիր Արցախի մասին», «Քի΄մ, խոսիր Արցախի մասին», «Գործե΄ք հիմա», «Բացե΄ք Լաչինի միջանցքը», «Կանգնեցրե΄ք ցեղասպանությունը»:
Ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել ճանապարհային երթևեկությունը։ Նրանց ուղղեկցել է փաստաբանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։