Իտալական Լամպեդուզա կղզում մեկ օրում մոտ 2 հազար միգրանտ է ափ իջել

Արխիվային լուսանկար
Տեղի իշխանությունը միջոցներ է ձեռնարկում ժամանողներին երկրի այլ քաղաքներ և շրջաններ ուղարկելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Գրեթե երկու հազար միգրանտներ մեկ օրում ժամանել են իտալական Լամպեդուզա։ Ընդհանուր առմամբ, 2 օրում Սիցիլիայից հարավ գտնվող կղզում ափ են իջել 63 նավակների ու նավերի ուղևորներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Il Sole 24 Ore թերթին:
Բացի այդ 1826 մարդուց, շաբաթ գիշերը և առավոտյան կղզի են ժամանել ևս 519 փախստականներ։
Պարբերականի հաղորդմամբ՝ Լամպեդուզայում միգրանտների ընդունման և տեղավորման կենտրոնում արդեն 3983 մարդ կա, բայց այն նախատեսված է 400 ժամանակավոր կենվորների համար: Սիցիլիական Պորտո Էմպեդոկլե նավահանգստում տարանցիկ կետ է գործում միգրանտներին նույնականացնելու համար, որոնց հետո ուղարկում են Վենետո, Կալաբրիա, Աբրուցո և այլ շրջաններ:
Իտալիայի ՆԳՆ վերջին տվյալների համաձայն՝ հունվարի 1-ից ծովային ճանապարհով երկիր է ժամանել ավելի քան 107 հազար միգրանտ։ 2022 թվականին նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է գրեթե 53 հազար մարդ։ Իտալիա մուտք գործելու փորձի ժամանակ զոհվել է ավելի քան երկու հազար ապօրինի միգրանտ։
Իտալիան ԵՄ-ից համերաշխ մոտեցում է ակնկալում միգրացիայի խնդրի լուծման հարցում՝ անօրինական ներգաղթյալների հոսքի համար պատասխանատու համարելով տարբեր ՀԿ-ների նավերը, որոնք զբաղվում են Իտալիային մերձակա ծովային նեղուցներում փախստականների փրկությամբ: Ծովով անօրինական ուղևորությունները դադարեցնելու համար Իտալիան անհրաժեշտ է համարում աջակցել Թունիսում իրավիճակի կայունացմանը, որն այդ դեպքում ինքը պետք է խոչընդոտի միգրացիային։
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օրերս հանդես է եկել Եվրամիություն օրինական միգրացիայի ծավալների ավելացման օգտին՝ մարդկանց անօրինական տեղափոխման դեմ պայքարելու համար: Նրա խոսքով, կանոնավոր ու կայուն քվոտաները դաժան թրաֆիքինգը արմատախիլ անելու միակ միջոցն են, քանի որ «առանց ծախսերի ու տառապանքի գալու հեռանկարն ու հույսը» պետք է համոզեն միգրանտներին սպասել օրինական թույլտվությանը։