Ինքներս մեզ խաբում ենք, որ չխելագարվենք. հոգեբանը վերլուծել է հայ հասարակության պահվածքը

Հոգեբան Կարինե Նալչաջյանը Sputnik Արմենիայում
Զոհին բնորոշ հոգեվիճակ, ինքնախաբեություն` ապրելու համար։ Դրան զուգահեռ, երկիրը ղեկավարվում է բարոյական հետամնացների կողմից։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է հասարակության ներկա հոգեվիճակն ու խոսել այն ծնող պատճառների մասին։
Sputnik
Հայ ժողովուրդը, իրականությունը ժխտելով և ինքնախաբեությամբ, շարունակում է իր սովորական կյանքը, սակայն եթե ինքնախաբեությունը մեծանում է, կարող է մարդուն տանել կործանման։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակին։

Երկու ծայրահեղություն` էյֆորիայից դիսֆորիա

Հոգեբանը կարծում է, որ այսօր հայ հասարակության մոտ կա զոհին բնորոշ հոգեվիճակ։ Դա այն է, երբ մարդն իր ինքնագնահատականը այնքան է ցածրացել, որ ինքը իրեն համարում է ոչ ունակ, անկարող` թեկուզ իր կյանքում ինչ-որ բան փոխելու։
«Մարդիկ զարմանում են, թե ինչու է հասարակությունն այսքան անտարբեր։ Եթե տարիներ առաջ հարևանի տանը սուգ էր լինում, մարդիկ այնքան զգայուն ու աչալուրջ էին` հանկարծ իրենց տնից բարձ երաժշտություն չլսվի, որովհետև դեմ է էթիկայի նորմերին։ Իսկ այսօր մենք աներևակայելի ուժգնությամբ հարվածներ ենք ստանում` այսքան զոհ, հայրենիքի կորուստ, անորոշ իրավիճակ, բայց նայում ես մարդկանց, կարծես թե բոլորն անտարբեր, իրենց առօրյայով ապրող մարդիկ են։ Սա 2018 թվականին հանդիպած էյֆորիայի հակառակ երևույթն է` դիսֆորիան»,–ասաց հոգեբանը։
Նալչաջյանն ասում է, որ հայ հասարակությանը միտումնավոր են հասցրել դիսֆորիկ, զոհին բնորոշ կարգավիճակին։ Դա էլ հատուկ հոգեբանական պատերազմների հետևանք է։
Նրա խոսքով` եթե մարդը հոգեկան ակտիվության անկման մեջ է, կարող է բախվել ամենադաժան իրականության հետ, բայց հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմով, օրինակ` իրականության ժխտմամբ, շարունակել իր սովորական կյանքը։

Իրականությունը քաոս է. աջաբսանդալի հիշատակումը պատահական չէր

Նալչաջյանն ընդգծում է` պատերազմը հայ ժողովրդին ծանրագույն հարված հասցրեց, հիմա էլ կտոր–կտոր, բզկտվող հայրենիքն է շատ ծանր հոգեբանական հարված տալիս։
«Եթե հարվածներն արագ են, դու չես հասցնում շտկվել` քո հոգեկան ինքնապաշտպանությունը չի հասցնում ոտքի կանգնել, մի ուրիշ հարված է ստանում։ Մենք անընդհատ հարվածներ ենք ստանում և ուշքի չենք գալիս։ Իսկ թշնամին, որն ուզում է ուղղորդել մեր վարքը, ճակատագիրը, հաշվի է առնում դա և ստեղծում է այդ վիճակը։ Եվ պետք է արձանագրենք, որ թշնամուն առայժմ հաջողվում է»,–հավելեց նա։
Հոգեբանը սխալ է համարում հասարակությանը մեղադրելը այս իրավիճակում։ Երբ երկրի ղեկավարն աջաբսանադալի մասին էր հիշատակում, դա պատահական չէր։ Այն մեր իրականությունն է և քաոսի հոմանիշը։ Հիբրիդային պատերազմի հիմնական նպատակներից մեկը քաոս ստեղծելն է այն հասարակության մեջ, որին ուզում ես վերացնել։ Ու այդ քաոսը մարդկանց գլխում է, որովհետև մարդիկ խաբված են։
Հիմա նաև մեր ազգային ինքնագնահատականն է շատ իջած։ Այն իրավիճակն է, երբ թշնամուն, ագրեսորին բարձրացնում են, ուզում են ագրեսորի կողքին լինել` պաշտպանված լինելու համար։

Երկիրը բարոյական հետամնացների ձեռքին է

Մասնագետը բնական է համարում հայ հասարակության վարքագիծն այս ժամանակաշրջանում։ Եթե հոգեկան ինքնապաշտպանական մեխանիզմները չլինեն, մարդը շատ արագ կկորցնի իր առողջությունը։ Պարադոքսալ է այն, որ գրեթե այդ բոլորի մեխանիզմների հիմքում ընկած է ինքնախաբեությունը։
«Օրինակ` եթե արգելք է հայտնվում մարդու ճանապարհին և նա չի կարողանում տեղ հասնել, մտածում է` գուցե բարին դա էր։ Սա հոգեկանի պաշտպանական մեխանզիմ է, որովհետև դու լավ էլ ուզում էիր հասնել քո ցանկացած վայրը։ Մեր կյանքը լցված է փոքրիկ ինքնախաբեություններով, և դրանք մեզ օգնում են ապրել»,–ասաց նա։
Սակայն նույն ինքնախաբեությունը, եթե չափերով մեծանում է, կարող մարդուն տանել կործանման։ Դրա վառ դրսևորումը 2018 թվականից ստեղծված վիճակն է։ Հոգեպես հասուն մարդը կարող է ընդունել, որ այդ ժամանակ սխալվել է, և ընդհանրապես հոգեպես հասուն մարդը ընդունում է իր սխալները և քայլեր ձեռնարկում այն շտկելու համար, իսկ կան մարդիկ, որոնք մեղավորներ են փնտրում։
Ըստ հոգեբանի` իրավիճակն ավելի սարսափելի է, երբ անպատասխանատու վարք է դրսևորում և մեղքի բաժինն իրենից վանում է երկրի ղեկավարությունը։
«Ի դեմս առաջին դեմքի իշխանական շրջապատի, մենք տոտալ անպատասխանատվության հետ գործ ունենք, տոտալ մեղքի զգացման և խղճի խայթի բացակայության։ Իսկ սրանք բոլորը բարոյական կատեգորիաներ են։ Այս մարդիկ հատուկ ընտրված, ձևավորված մարդիկ են, որոնց վրա աշխատել են` գրանտներով, սեմինարներով և այլն, ու ձևավորվել են մարդիկ, որոնք զուրկ են բարոյական կատեգորիաներից։ Ինչպես կա մտավոր հետամնացություն, այդպես էլ բարոյական հետամնացություն կա։ Հիմա մեր երկիրը գտնվում է այդպիսի մարդկանց ձեռքին, հակառակ դեպքում ինչպես կարող էին իրենք իրենց ձեռքով ստեղծած ժանտախտի ժամանակ զբաղվել խնջույքով, ցոփ ու շվայտ կյանքով»,–հավելում է Նալչաջյանը։
Մարդը դեպի հաճույքը միտված էակ է և երկար բացասական հոգեվիճակում չի կարող մնալ, դրա համարել էլ մատուցված մակերեսային ուրախությունների հետևից է գնում։

Երևի դանակը դեռ ոսկորին չի հասել

Մարդիկ համախմբվում են գաղափարների շուրջ, որը, ցավոք, այս պահին հայ իրականությունում բացակայում է։ Օրինակ` Արցախի փրկությունն այնպիսի գաղափար է, որը ենթադրում է հասարակության լայն շերտերի համախմբում, բայց քանի որ հասարակությունն այսպիսի բարոյալքված, զոհի, ցածր ինքնագնահատական ունեցողի վիճակում է հայտնվել, և ընդհանրապես, երկրում վախի մթնոլորտ է առկա, մարդիկ վատատես են դարձել։ Չկա նաև գաղափարական միասնություն քաղաքական տիրույթում։
Սակայն Նալչաջյանը վստահ է` միասնականությունը վերականգնել հնարավոր է փոքրիկ հաղթանակներով, ելքի որևէ նշույլներով, և մարդկանց կարող է համախմբել ուժեղ հուզական ցնցումը։
«Մեր ժողովրդին բնորոշ է` դանակը ոսկորին է հասնում, նոր է ոտքի կանգնում։ Երևի դեռ չի հասել, և ավելի մեծ արհավիրքների է պետք սպասել։ Տեսեք` թշնամին ինչ ախորժակ ունի։ Եթե այսպես շարունակվի, սովը, մահը բոլորի դռներն են ծեծելու։ Երևանի սրճարանում նստած մարդը թող չմտածի, թե իրեն չի հասնելու։ Մեր թշնամու համար Արցախի կամ Երևանի հայի միջև տարբերություն չկա, մեզ ներսից պառակտեցին, որ տարբերություն տեսնենք, որովհետև այդպես ավելի հեշտ էր հաշվեհարդար տեսնելը»,–ասաց նա։

Մոնոէթնիկ Հայաստանում այլազգիների և թշնամու բնակեցումը կործանարար կլինի

ՀՀ–ն համարվել է աշխարհում միակ մոնոէթնիկ երկիրը, որը ազգի ինքնությունը պաշտպանելու տեսանկյունից շատ մեծ նշանակություն ունի։ Հոգեբանի խոսքով` հիմա այս կողմից հայ ժողովուրդն էլ պաշտպանված չէ։
«Եթե հասարակության մեջ հայտնվում է 15 տոկոս այլ տարր, հասարակությունն ընդհանուր դիմագիծը կորցնում է, դառնում ուրիշ։ Փոքր ազգերի համար դա վտանգավոր է։ Մեծ ազգերը նոր լիցքից շահում են, որովհետև նույնականացումը լինում է դեպի ուժեղը, մեծ համար դա կործանարար չէ, բայց մեզ համար դա կործանարար կլինի»,–ասաց մասնագետը։
Ե՛վ խառնամուսնությունները, և՛ օտար տարրի մուտքը, եթե այսպես շարունակվի, և եթե թշնամին էլ գա բնակվելու, կսկսվի էթնոսի վերացումը։