ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետևանքով բոլոր տասը զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքային թերթիկում նշված ցուցակին։ Տեղեկությունը նշված է Ռուսաստանի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 22-ին Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում ընկել է Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում: Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդը զոհվել են։ «Ռոսավիացիայի» ներկայացրած ուղևորների ցուցակի համաձայն՝ ուղևորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռը պատկանել է «ՄՆՏ-Աերո» ՍՊԸ-ին, որը մասնագիտանում է բիզնես փոխադրումների ոլորտում:
«Տվերի մարզում ինքնաթիռի կործանման հետաքննության շրջանակում ավարտվել է մոլեկուլային գենետիկական փորձաքննությունների անցկացումը։ Դրանց արդյունքների համաձայն՝ բոլոր տասը զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են թռիչքային թերթիկում նշված ցուցակին», - նշված է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավելի վաղ գործ էր հարուցել Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ: