ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ նախագահի աշխատակազմին։
«Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով: Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել «Ֆեյսբուքի» ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:
Նշվում է, որ էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում «Ֆեյսբուքի» որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։