Պարզվում է՝ մեղուները կարող են ոչ միայն մեղվաբուծական ապրանքներ ու բույսերի բնական փոշոտում ապահովել, այլ նաև շատ կարևոր առողջապահական գործառույթ կատարել, ու դա՝ առանց ավելորդ ջանք ու եռանդի։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը այցելել է Մարտունի գյուղ՝ բացահայտելու համար ապիթերապիայի գաղտնիքները, և ոչ միայն։
Տեղանքով Գեղարքունիքի մարզում, բայց տավուշյան բնությամբ` երկու մարզերի սահմանային հատվածում է գտնվում Մարտունի գյուղը։ Անտառների, դաշտերի ու ծաղիկների բազմազանության պակաս այստեղ չկա, ուստի մեղվաբուծությունը համայնքում գյուղատնտեսական ամենապահանջված ճյուղերից է։
68-ամյա Հայկ Հովհաննիսյանը գյուղի ամենահայտնի մեղվապահն է։ Արդեն 4 սերունդ է՝ այս գործն են անում` իրար փոխանցելով գործի բոլոր հմտություններն ու գաղտնիքները։
«Պապերս Վանից են, այնտեղ մեղվաբուծությամբ էին զբաղվում։ Պապիկս ընտանիքով եկել է այստեղ ու շարունակել գործը։ Հետո երբ ընտանիքին կուլակաթափ են արել ու փեթակները առգրավել են, պապս դարձել է գյուղի կոլխոզի գլխավոր մեղվապահը, հետո նույն պաշտոնին եղել նաև հայրս»։
Հոր գործը շարունակելու մտադրություն Հայկ Հովհաննիսյանը չի ունեցել։ Մասնագիտությամբ շինարար ինժեներ է։ Երկար տարիներ ապրել է Վեդի քաղաքում, կոսմետիկ մատիտների արտադրամաս ղեկավարել, բայց 90-ականների կեսերին երկրի ծանր սոցիալական վիճակը ստիպել է ամեն ինչ թողնել ու վերադառնալ գյուղ։
Հորից նվեր ստացավ 5 մեղվաընտանիք։
Մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ասաց` դե տար, բայց իմ փեթակները հետ կբերես, բայց ո՛չ փեթակները հետ տվեցի, ո՛չ էլ մեղուներին։ Իր խորհուրդներով ու իմ աշխատասիրությամբ եկա հասա այս ամենին։ Արդեն 120 մեղվաընտանիք ունեմ»։
Մեղվաբուծական բիզնեսը զարգացնելու լավ հնարավորություն ստեղծվեց, երբ 2013 թ.–ին World vision կազմակերպությունը որոշեցին աջակցել Մարտունի գյուղի բնակիչներին ագրոտուրիզմը զարգացնելու համար։ Մեղվապահն իր առաջարկը արեց` կառուցել ապիթերապիայի (մեղվաբուժություն) համար նախատեսված տնակներ:
Ապիթերապիան շատ հայտնի մեթոդ է ամբողջ աշխարհում։ Մարդիկ պառկում են տնակում, որի տակ մեղուների փեթակներ են։ Ներսում լռություն է, լսվում է միայն մեղունների բզզոցը։
Մեղվաբույծ Հայկ Հովհաննիսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Մեղուներն ունեն որոշակի հաճախականությամբ էներգիա, մագնիսականություն, որը համընկնում է մարդու աուրայի հետ, ընդամենը երկու ժամ տնակում պառկելով՝ կարող ես վերականգնել դրական էներգիան ու խախտված նյարդերը։ Ապացուցված է նաև, որ այս թերապիան կարգավորում է սրտի աշխատանքը»։
Մեղվապահը մի մեթոդ էլ իր կողմից է ավելացրել։ Տնակում հատուկ պատուհաններ է դրել, որոնց տեսարանը բացվում է դեպի մեղուների փեթակներ, այսինքն՝ թերապիայի ընթացքում կարելի է հետևել նաև մեղուների աշխատանքին։
Ապակեպատ փեթակ
© Sputnik / Aram Nersesyan
Հիմա արդեն նման երկու տնակ ունի։ Միտք ունի մեկն էլ ավելացնել` ապակեպատ տանիքով ու փեթակները տեղադրել այնտեղ, որ մարդիկ ամբողջ առաստաղի երկայնքով հետևեն մեղուների աշխատանքին ու լսեն նրանց բուժիչ բզզոցը։
Հյուրերի համար ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձնելու համար մեղվապահը նաև այսպես ասած` էկզոտիկ փեթակներ է պատրաստել։ Հայկ Հովհաննիսյանի այգում մի քանի փեթակ գեղեցիկ փորագրություններով կոճղերի մեջ են, մի քանիսը ապակեպատ են, մի քանիսն էլ` քթոցների մեջ են` հին պապենական մեթոդով։
«Մեր պապերը մեղուներին սենց քթոցների մեջ էին պահում»
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր պապերը մեղուներին սենց քթոցների մեջ էին պահում, այն ամբողջությամբ պատում էին աթարով։ Ճիշտ է՝ այս եղանակը եկամտաբեր չէ, ծախսը շատ է, ամեն տարի նոր շրջանակ պետք է պատրաստես ու նոր պատյան, բայց տեսեք ինչ գեղեցիկ է, ու ինչ լավ է երևում այստեղ մեղուների աշխատանքը»։
Այս ամենը տեսնելուց հետո պետք է մեղրը համտես անել, հենց դրա համար էլ մեղվապահը կառուցել է համտեսի սրահ ու կից հյուրատուն։ Երկար ճանապարհ գալուց հետո գուցե հյուրերը ցանկանան հանգստանալ։
Հայկ Հովհաննիսյանի 120 մեղվաընտանիքների մեծ մասն սովորական փեթակներում են, չէ որ բիզնեսի համար շատ կարևոր է նաև արդյունքը։ Անցած տարի ռեկորդային քանակի մեղր է ստացել (միջինում 25 կգ մեկ մեղվաընտանիքից)։ Այս տարի սակայն սպասելիքները շատ չեն։
«Էս տարի շատ ցուրտ ամառ էր։ Առավոտները այնքան սառն էր, որ նեկտար չարտադրվեց, ու մեղուները նորմալ չաշխատեցին։ Առավելագույնը մեղվաընտանիքից 6-7 կգ մեղր կլինի»։
Իր կյանքն առանց իր սիրելի մեղուների Հայկ Հովհաննիսյանն արդեն չի պատկերացնում։ Միայն մի բանից է նեղսրտում, որ երիտասարդներն այլևս մեղվաբուծությամբ չեն հետաքրքրվում։
Մեղվապահ հայրը մինչև 90 տարեկան այս գործով է զբաղվել։ Վերջին տարիներին, երբ արդեն վատառողջ է եղել ու չի կարողացել մեղուներին հետևել, անընդհատ կրկնել է. «Հիմա ես այլևս մեղու չեմ` բոռ եմ դարձել, չեմ աշխատում, բայց ուտում եմ»։
Հայկ Հովհաննիսյանը պնդում է` ինչքան ուժը պատի շարունակելու է մեղու մնալ: