ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։, հայտնում է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
«Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:
Նշենք, որ հունիսի 15–ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։