ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»-ում այսօր գյումրեցի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսն էր։ Թանգարանն այս քայլով միացել էր «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին։
Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես ճանաչում ունեցող, այնպես էլ նորահայտ վարպետներ։
«Որոշեցինք ներկայացնել Գյումրիում երբեք չհնացող արհեստները, որոնք միշտ եղել են այս քաղաքում, և մերօրյա վարպետներն էլ շարունակում են կենսունակ պահել դրանք։ Ցուցահանդեսը նաև հնարավորություն է տալիս երիտասարդ վարպետներին ցուցադրելու իրենց աշխատանքները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Անի Նազարյանը։
«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը»
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նա նշեց, որ այս ցուցահանդեսը ոչ միայն վաճառքի, այլ նաև ծանոթության ու սեփական աշխատանքները ներկայացնելու հրաշալի առիթ է։
«Գյումրին միշտ ունի ասելիք այս մասով։ Ունենք հրաշալի վարպետներ, որոնց մասին պետք է շատ խոսել։ «Եվրոպական ժառանգության օրեր» -ին միանալը կարևոր եմ համարում՝ սա հնարավորություն է իրական արժեքը ցույց տալու»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Պետրոսյանը, որը ցուցահանդեսին ներկայացել է քույրիկի՝ հայտնի կավագործ, նկարչուհի, արվեստագետ Գոհար Պետրոսյանի հետ։
Վարդուհի ու Սեդա Խլղաթյաններ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ձեռքի աշխատանքներով՝ հուլունքներով ու Էպոքսիդային խեժով իրերով, ցուցահանդեսին ներկայացել էր նաև Մարիամ Սուլյանը։ Երիտասարդ աղջկա մոտ հոբբին բիզնեսի վերածելու գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել։ Նման ցուցահանդեսների շնորհիվ վստահ է՝ նոր պատվիրատուներ կունենա, որը հնարավորություն կտա բիզնեսը զարգացնելու։
«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի» ցուցահանդեսը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մասնագիտությամբ մանկավարժ Միքայել Պողոսյանը ներկայացել էր արդեն շատերին հայտնի Be Art ապրանքանիշով։ Ողջ կյանքում փայտից ու քարերից իրեր պատրաստելը հոբբի է եղել, հիմա՝ վաստակած հանգստի անցնելուց հետո, հիմնական զբաղմունք։ «Ստեղծագործ մարդը միշտ կարիք ունի շփվելու, իր աշխատանքները մյուսներին ներկայացնելու ու մյուսների գործերը ճանաչելու։ Սա լավ հնարավորություն է»,-ասում է Միքայել Պողոսյանը։
Միքայել Պողոսյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Վարդուհի ու Սեդա Խլղաթյաններն առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ ցուցահանդեսի։ Իրենց աշխատանքներում սեր ու հոգի դնելով` ստանում են հմայիլներն ու մակրամե զարդերը։ Հպարտությամբ են նշում՝ իրենց գործերը շատ մոդայիկ են ու չկրկնվող։
Մարիամ Սուլյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի Հայաստանում անցկացվում են օգոստոսի 26-ին և 27-ին՝ «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Ծրագիրը նվիրվում է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։