Հայաստանի փրկությունը Իրան–Ռուսաստան–Չինաստան եռանկյունու մեջ է. միջազգայնագետ

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայում
Գրիգոր Բալասանյանը համոզված է` Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի դեպի հյուսիս, հարավ և արևելք։ ՀՀ–ն Արևմուտքի հետ ոչինչ չունի տալ–առնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները պետք է լինեն Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, քանի որ այս եռանկյունու մեջ է Հայաստանի` որպես պետություն փրկությունը։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նա համոզված է, որ արևմուտքի փոխարեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի դեպի հյուսիս, հարավ և արևելք, քանի որ արևմտյան երկրների հետ մեր երկիրը ոչինչ չունի տալ–առնելու։
«Արևմուտքը հինգ տարում ցույց տվեց, որ առնվազն չի կարող լինել վստահելի գործընկեր։ Եվ Այդ Արևմուտքի մեջ ներառվում է նաև Ֆրանսիան, քանի որ այդ երկիրն էլ 2020 թվականին հուլիսին սպուտնիկներ էր վաճառել Ադրբեջանին, որը 44–օրյա պարտերազմի ժամանակ թշնամին կիրառեց։ Եվրոպան ի՞նչ շահագրգռվածություն ունի մեզ պաշտպանելու։ Զրո։ Իսկ Ադրբեջանին պաշտպանելու շատ պատճառներ կան` գազն առաջին հերթին, դիմացն էլ ձմեռ է։ Հետևաբար` այդ Եվրոպան այլևս չի կարող լինել անաչառ»,–ասաց նա։
Ըստ Բալասանյանի` Արցախում էլ Ադրբեջանի գործողությունների հետևում կանգնած է Արևմուտքը, որն Ալիևին պատվիրակել է ամեն գնով տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին և 102–րդ ռազմաբազան։ Եվ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելու Ալիևի առաքելությամբ է պայմանավորված Արևմուտքի աչք փակելը Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշումը չկատարելու և մյուս գործողությունների վրա։
«Ադրբեջանը հետևողականորեն տանում է իր քաղաքականությունը։ Նա Արցախի հարցում օգտագործում է անակոնդայի մեթոդը` սեղմել այնքան, մինչև զոհը հանձնվի։ Իսկ Հայաստանի հետ կապված վարում է մաշեցնող քաղաքականություն` հոգեբանական ճնշում գործադրել սահմանամերձ համայնքների վրա, որ իրենք ՀՀ իշխանությունների մոտ հանրային պահանջ ձևավորեն, թե տվեք ամեն ինչ, միայն այս ամենից ազատվենք»,–ասաց նա։
Զուգահեռաբար Հայաստանից, ըստ Բալասանյանի, որևէ մեկը չի խանգարում և չի դիմադրում Ադրբեջանի պլաններն իրագործելուն։ Թշնամին մեկ–երկու տարվա մեջ, մտացածին անուններով կազմակերպություններ ստեղծելով, օրինակ` «Արևմտյան Ադրբեջան», այդ վախի սոուսով ՀՀ–ից անընդհատ տարածքներ է պոկում։ Եվ, նրա դիտարկմամբ, այդ նույն քաղաքականությունը շարունակելու է։
«Հայաստանը զոհի դիրք է ընդունել և ասում է` ինձ մորթի, ինչ ուզում ես արա։ Ալիևն արդեն ստացել է իր ծրագրերի 70 տոկոսը, մնացել է 30 տոկոսը։ Եթե այսպես շարունակվի, երեսուն տոկոսն էլ է ստանալու, որովհետև Ալիևն իր մեջքին ունի Արևմուտք, իսկ հայերը շարունակում են աջակցություն ակնկալել այդ Արևմուտքից»,–նշեց նա։
Այս համատեքստում էլ Բալասանյանն ընդգծեց Իրանի, ՌԴ–ի և Չինաստանի հետ համագործակցության կարևորությունը։
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության, ռուս խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին` միջազգայնագետը հիշեցրեց` Սիրիայում էլ կա ռուս–թուրքական մոնիթորինգային կենտրոն, բայց եթե Սիրիայում ռուսներն ու թուրքերն իրար հետ են պարեկություն անում, Արցախում որևէ թուրք զինվոր չկա։
«Դա ո՞ւմ շնորհիվ է, որ Արցախում թուրք չկա, Արևմո՞ւտքն է Թուրքիային արգելել։ Իսկ ինչպե՞ս էր ստացվում, որ ռուսը կարողանում էր 2020 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր 52 հազար տեղահանված արցախցի վերադարձնել Ստեփանակերտ և մյուս շրջաններ, իսկ հիմա Ադրբեջանը թույլ չի տալիս։ Պատճառը պարզ է` 2022 թվականին հոկտեմբերին Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հիմա պետք է «փնտրել» նրան, ով խորհուրդ տվեց Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,–ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հիշեցնենք` 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Իսկ 2023–ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։