ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այն ծառայողները, որոնք ունեն հատուկ որակներ, ոչ միայն դրամական, այլև քաջալերման լրացուցիչ խթան կունենան: Տավուշի մարզում անցկացված բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումների ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ինչո՞ւ ծառայակից ընկերները չիմանան, որ ինքը լավագույններից լավագույնն է: Նաև դրամական խրախուսանք լինի, որն ինչ-որ տեղ ատեստավորման հետ զուգահեռ սոցիալական երաշխիքների մեջ ևս մի բան ավելացնում է: Շատ ուրախ եմ, որ հիմա մի պայմաններում ենք, երբ, ըստ էության, մեր բոլոր ուժային կառույցներում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման գործընթաց է տեղի ունենում, իհարկե, քննչական կոմիտեում և դատախազությունում 92 տոկոսով, բայց դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ այդ երկու կառույցներում բազան համեմատաբար ավելի բարձր էր»,– ասել է նա:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:
Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է պաշտպանության նախարարության, երկրորդը՝ ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է` երբ նայում է ուժային ոլորտի աշխատավարձերին, դա առաջին հերթին դիսկոմֆորտ է կառավարության համար, որ այդպիսի ծառայություններ մատուցող մարդիկ այդքան ցածր աշխատավարձեր ստանան:
«Խնդիրը դնում ենք, այո, աշխատավարձն առնվազն կրկնապատկելու վրա, բայց նաև պետությունը և հանրությունը պետք է համոզմունք ունենան, որ այդ ծառայողները մի ինչ-որ որակական նշաձող կա, որից ներքև չեն գտնվում հաստատ: Իսկ ահա բանակային խաղերով, ովքեր այդ որակական նշաձողից վերև են՝ նրանք լավագույններից լավագույնի տիտղոսը կարող են ունենալ»,– նշել է Փաշինյանը:
Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին: