ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին։
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է վատանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սնունդը որպես զենք օգտագործելը խախտում է Հռոմի կանոնադրության 7-րդ հոդվածը, որը «հանցագործություն է մարդկության դեմ»։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։