«Հայաստանում կա՞ մարդ, որը չգիտի, թե ով է Վիկտոր Կրիվոպուսկովը, կամ ծանոթ չէ նրա «Խռովահույզ Ղարաբաղ» գրքին», հարց է տալիս սոցցանցերի օգտատերերից մեկը՝ մեջբերելով այդ գրքից մի հատված. «Եթե կրտսեր Ալիևը ծնված լիներ 1936 թվականից առաջ, նրա անձնագրում, ինչպես նաև հոր անձնագրում, գրված կլիներ՝ «կովկասյան թաթար» կամ «մահմեդական»։ Նրանց ազգությունը հորինել է Ստալինը 1936 թվականին։ Մինչև 1918 թվականն ընդհանրապես Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, նույնիսկ խորհրդանիշներն էին թուրքական»։
Մեջբերելով ռուսաստանցի հեղինակի այս մեկնաբանությունը` օգտատերն ավելացնում է. «Ու այսօր նրան արգելեցին մտնել Հայաստան:Այսինքն` արգելեցին մուտքն այն մարդու, որն ակնհայտ , բաց, աղաղակող հայամետ հայացքներ ունի»:
Մեկ այլ օգտատեր ամփոփում է. «Արտերկրի բոլոր այն քաղաքական գործիչների, հանրային, նշանակալի դեմքերի համար, որոնք ճանաչում են Արցախի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշված անկախ միավոր, Ադրբեջանի կազմից դուրս, մուտքը Հայաստան այլևս փակվում է։ Իր բոլոր հրապարակային ելույթներով Արցախը հայկական հող համարող և «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքի արգելքն այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայան պարզ դարձրեց ամեն ինչ․ ներկա Հայաստան կարող են մուտք գործել միայն այն ռուս և օտարազգի կամ հայազգի գործիչները, որոնց համար Արցախն արդեն Ադրբեջան է, որովհետև այդպես է որոշել Հայաստանի օրհներգը, զինանշանը, Անկախության հռչակագիրը, ազգային խորհրդանիշերը և արժեքները «քննական խոսույթով» վերանայող մարդը»։
Ֆեյսբուքի օգտատերերը նաև փաստում են, որ Արցախի հետ կապված իրավիճակը երբեք այսքան անորոշ չի եղել։ Ի՞նչ է կատարվում իշխող վերնախավում, արդյոք քննարկվո՞ւմ է Աղդամի ճանապարհն օգտագործելու հարցը, համապատասխանո՞ւմ են իրականությանը ադրբեջանական աղբյուրների տեղեկություններն այն մասին, որ տասնյակ ղարաբաղցիներ արդեն Հայաստան են տեղափոխվել Լաչինի միջանցքով։ Հանրությունն անհամբեր սպասում էր, որ կառավարության հինգշաբթի օրվա նիստում այս մասին շատ հստակ կխոսի Հայաստանի վարչապետը, սակայն երկրի ղեկավարը՝ ի զարմանս բոլորի, միայն վկայակոչեց հավաստի աղբյուրները, որոնք պնդում են, թե «Բաքուն պլանավորում է միջանցքը միակողմանի բացել՝ թույլ տալով ելք, բայց ոչ մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ»։
Ինչևէ, իշխանության համար պայքարն Արցախում, բնականաբար, մեծ անհանգստություն է առաջացնում հայաստանյան հանրությունում, որի ներկայացուցիչներից մեկը գրում է. «Արցախի իշխանությունները, հուսանք, դեռ մի քիչ հասկանում են, որ իրենց պաշտոնն ամենավերջին բանն է, որի մասին այսօր կարող են մտածել: Կարծում եմ՝ մի քիչ գոնե հասկանում են, որ վաղուց շեղբի սուր սայրի վրա են: Երևի լսել եք Ալիևի ասած քայլերի մասին, նա բացահայտ ասել է՝ ինչ է անելու, ենթադրաբար, գիտեք՝ հաջորդը որն է լինելու: Մարդիկ դեռ դիմանում են, զուգահեռ դիմակայում ձեզ, բայց նրանք որոշ ժամանակ հետո չեն կարող նայել, թե ինչպես են երեխաներն իրենց աչքի առաջ մարում: Այսքան զրկանքներ կրած և կրող ժողովուրդն այլևս չի ներելու ոչ մեկին»։
Եվ իհարկե, սոցցանցերում իր արտահայտությունն է գտել Երևանի քաղաքապետի և ավագանու տեղերի համար պայքարը։ Չեմ ուզում մեջբերել ակնհայտ քարոզչական, վիրավորական կամ հեգնական կարծիքները։ Պարզապես, օգտատերերից մեկն առաջարկում է պաշտոնական քարոզարշավին զուգահեռ մեկ այլ քարոզարշավ ծավալել։ Ահավասիկ. «Հորդորում ենք բոլոր գրագետ երևանցիներին, որոնք մտահոգ են իրենց քաղաքի ճակատագրով և գիտակցում են, որ մասնակցությունը կարևոր է՝ այս օրերի ընթացքում, իրենց շրջապատում գտնեն մեկական ՄԱՐԴ, որը չի պատրաստվում գնալ ընտրությունների, և հեղափոխեն նրան այնպես, որ այդ մարդը մտափոխվի և ամեն դեպքում գնա ու մասնակցի ընտրություններին, անկախ նրանից, թե ինչպես կվարվի իր ընտրաթերթիկի հետ և ում կընտրի»,- կոչ է անում այլընտրանքային քարոզարշավի նախաձեռնողը։ Հետո մանրամասնում է. «Հասկանում եք, չէ՞, թե որքան շատ խնդիրներ կլուծվեն և որքան շատ կփոխվի պատկերը, եթե օրինակ 48 տոկոս մասնակցության փոխարեն կարողանանք հասնել 58 տոկոս մասնակցության։ Որոշ ուժեր սարսափում են այդ մտքից, ու եթե սարսափում են, նշանակում է իրենց նպատակը պետականը շահը չէ, այլ անձնական հաղթանակը։ Որքան շատ մասնակցենք, այնքան քիչ ազդեցություն կունենան լցոնումներն ու կաշառակերությունը։ Մեր կարգախոսն է՝ «Ուզո՞ւմ եք ընտրենք ձեզ, հլը մի ձեր ծրագիրն ու ապրածը ներկայացրեք մեզ...»։