YouTube-ը կկարողանա ճանաչել երգը՝ լսելով մի կարճ հատված. փորձարկվել է նոր գործառույթ

Երգի կարճ հատվածը լսելուց հետո համակարգը օգտատերին կուղարկի երգի հետ կապված բոլոր տեսանյութերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. YouTube վիդեոծառայությունը փորձարկել է նոր գործառույթ Android հավելվածի սահմանափակ թվով օգտվողների համար։ Նրանք հնարավորություն կունենան հարթակում երգ որոնել՝ պարզապես երգելով դրանից մի հատված կամ ներկայացնելով կարճ ձայնագրություն:
«Պետք է 3+ վայրկյան ձայնագրել ձեր որոնած երգը, որպեսզի այն նույնականացվի: Երգը նույնականացնելուց հետո ձեզ կուղարկվեն համապատասխան երաժշտի պաշտոնական էջը, օգտատերերի կողմից ստեղծված տեսանյութեր, որոնք YouTube հավելվածում պարունակում են որոնված երգը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ YouTube-ի այս տեխնոլոգիան կօգտագործի նույն համակարգը, ինչ Google որոնողական համակարգը։