Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում իրականացվում է տնային կալանքի ապահովումը

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի բնակության վայրում իրականացվում է տնային կալանքի ապահովումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հայտնել էինք, որ օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
«Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայություն է ստացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից մեղադրյալ Սերգեյ Արմենի Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի` 2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԴ1/0625/06/23 որոշումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մեկնել են Սմբատյանի բնակության վայր և ներկայում իրականացնում են տնային կալանքի ապահովման համար օրենքով իրենց վերապահված գործառույթները։
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։