Նիգերը Մալիին և Բուրկինա Ֆասոյին ներխուժման դեպքում թույլ կտա երկրում զորք տեղակայել

Բուրկինա Ֆասոյի սահմանապահը Նիգերի սահմանին. Արխիվային լուսանկար
Հայտարարությունն արվել է Նիգեր` Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտգործնախարարներ Օլիվիա Ռուամբայի և Աբդուլայ Դիոպի այցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Նիգերի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրել, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ են տալիս Մալիին և Բուրկինա Ֆասոյին մտնել երկրի տարածք։ Այս մասին հայտարարել է Նիգերի ԱԳՆ–ն։ Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում անելով France24 հեռուստաալիքին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտարարությունն արվել է Նիգեր` Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտգործնախարարներ Օլիվիա Ռուամբայի և Աբդուլայ Դիոպի այցից հետո։
Նախորդ ուրբաթ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության (ECOWAS) ներկայացուցիչ Աբդել Ֆաթթահ Մուսան հայտարարել էր, որ միության անդամ պետությունների զորահրամանատարները հաստատել են իրենց պատրաստակամությունը միջամտել Նիգերում տիրող իրավիճակին` «հրաման ստանալուն պես»։
Բուրկինա Ֆասոի և Մալիի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ օտարերկրյա ուժերի ներխուժումը Նիգեր դիտարկելու են որպես ագրեսիա` ուղղված իրենց երկրների դեմ։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Նիգերում ECOWAS–ի միջամտությունը երկրի և տարածաշրջանի համար կործանարար սցենար կլինի, կազմակերպության ոչ բոլոր անդամներն են աջակցում դրան։
Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Նիգերի նախագահական գվարդիայի մարտիկների մի մասը հանդես է եկել երկրի նախագահ Մոհամեդ Բազումի դեմ։ Նիգերի ԶՈւ ԳՇ սատարել է խռովություն իրականացրած մարտիկներին։