ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Տարեցտարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ավելի է աճում, և դա առավելագույնը չէ. ՀՀ իշխանությունները մտադիր են համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում։ Ծաղկաձորում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած նախաճաշի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնալով էլի ավելի է աճում։ 2023 թ. առաջին կիսամյակի տվյալներով` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3.7 մլրդ դոլար, որից 2 մլրդ–ը ՀՀ–ից արտահանումն է, իսկ 1.7 մլրդ–ը` ՌԴ–ից ներմուծումը։ Այս ցուցանիշը 70 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի»,– ընդգծեց նախարարը։
Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին, որի առաջարկով էլ հենց անցկացվեց այս միջոցառումը։ Քերոբյանը վստահություն հայտնեց, որ հայ և ռուս գործարար համայնքի հետ հանդիպումը շատ արդյունավետ է լինելու, որի ժամանակ կկարողանան քննարկել և լուծել ոչ միայն պետական և մակրոտնտեսական խնդիրներ, այլև կոնկրետ հարցեր, որոնք մտահոգում են բիզնեսի ներկայացուցիչներին։
Նշենք, որ 2023 թ. օգոստոսի 24–ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները մտքեր են փոխանակել մինչև 2030 և 2045 թթ. ընկած ժամանակահատվածում միության ռազմավարական զարգացման վերաբերյալ, այդ թվում քննարկել են ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրի նախագիծը: