ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ»,– ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։
Դեսպանը նաև ընդգծեց, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Դեռ 2022 թվականի հոկտեմբերին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարանամին հայարարել էր, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։
Նա նաև ընդգծել էր` իրենք Հայաստանում խաղաղության սուրհանդակներ են և ցանկանում են Հայաստանը տեսնել որպես կայուն երկիր։