ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ–ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը: Կարևորելով միջազգային կազմակերպությունների, երկրների, այդ թվում՝ Նիդեռլանդների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը։
«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը մոտ է հումանիտար աղետի վերածվելուն և կարող է էականորեն խաթարել տարածաշրջանում կայունության հաստատման գործում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին»,–ասել է Միրզոյանը:
Նշենք, որ դեսպան Նիկոլաս Սխերմերսին ավարտում է Հայաստանում դիվանագիտական առաքելությունը։ Այս կապակցությամբ քննարկվել է նաև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ իրականացված և նախանշվող քայլերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին երեք տարներին այս ուղղությամբ դեսպանի կողմից ներդրված ջանքերը՝ հանձնելով ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ և մաղթելով հաջողություն հետագա դիվանագիտական աշխատանքում: