Երբեմն խնդրի մասին գիտենք, լուծում չունենք. ինչպես է ՀՀ–ում գործում խնամակալության մարմինը

Արխիվային լուսանկար
Sputnik
Վերջին օրերին հայ հասարակությունը շոկի ենթարկվեց՝ տեղեկանալով Գեղարքունիքի մարզում մոր կողմից անչափահաս աղջկան սեռական և հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի մասին։ Բարձրացված բուռն աղմուկը օրեր անց մարեց, սակայն կարևոր է հասկանալ, թե որ պատկան մարմինն այստեղ անելիք ուներ, բայց թերացել էր։ Խնդրի մասին համակողմանի պատկերացումներ ստանալու համար Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ։
Գեղարքունիքի մարզում 12-ամյա դստեր մասնակցությամբ դաժան բռնության դեպքը հնարավոր է և չլիներ, եթե Միասնական սոցիալական ծառայության մարզային մարմինն ու Խնամակալության և հոգաբարձության տարածքային հանձնաժողովը, որի կազմում համայնքի ղեկավարն է և ևս 5-9 անձ, պատշաճ կատարեին իրենց վրա դրված պարտավորությունները։
Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է համապատասխան հիմքերի առկայության դեպքում առանց դատական ակտի երեխային վերցնել ընտանիքից և դիմել դատարան երեխայի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու կամ այդ իրավունքները սահմանափակելու համար։
Իր անչափահաս երեխային սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Հատկանշական է, որ Աննա Արևշատյանի ընտանիքը շուրջ մեկ տարի առաջ էր հայտնվել պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց թե ինչու համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել նրան ծնողական իրավունքներից զրկելու համար, Սպուտնիկ Արմենիան փորձեց տեղեկատվություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որի կազմում էլ գործում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Մեզ պատասխանեցին. քանի որ նշված գործով նախաքննություն է ընթանում, նախարարությունը ձեռնպահ է մնում որևէ մեկնաբանություն տալուց։
Նախարարությունից առաջարկեցին թեմայի մասին զրուցել Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումների գործընթացում սոցապ նախարարության անունից ներգրավված փորձագետ Դավիթ Թումասյանի հետ։
«Դեռ նախորդ տարի ընտանիքը հայտնվել էր Խնամակալության և հոգաբարձության մարմնի ուշադրության կենտրոնում, կար խնդիր թե՛ կրթական ոլորտում, թե՛ համայնքի ինտեգրման ոլորտում։ Պետք էր ի սկզբանե համալիր ուսումնասիրություն կատարվեր, որը չի իրականացվել։ Իրականացվել է զուտ ֆինանսական, բնաիրային (սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով) աջակցություն, որը բավարար չի եղել»,–ասաց Թումասյանը։
Նրա խոսքով` պետք էր խորքային ուսումնասիրել երեխաների հոգեվիճակը, նրանց հետ վարվեցողության կանոնները, հասկանալ արդյոք ծնողը ծնողավարման հմտություններ ունի 5 երեխաների դաստիարակությունն ու խնամքը ճիշտ կազմակերպելու համար։ Այդ համալիր գնահատումն իրականացնելուց հետո միայն այդ ընտանիքին պետք է առաջարկվեր աջակցության ծրագիր։
Երբ է սկսկում գործել Խնամակալության և հոգաբարձության մարմնը, երբ.
երեխայի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում։
երեխայի վրա կան բազմաթիվ կապտուկներ, պոլիտրավմաներ, կտրած–ծակած վնասվածքներ, և բուժաշխատողը, որն օգնություն է ցուցաբերում, համապատասխան ընթացակարգերով տեղեկացնում է ոստիկանությանը։
բռնությունները կրում են պարբերական բնույթ։ Տվյալ դեպքում համայնքի բնակիչները շատ լավ գիտեն, թե այդ բռնությունն ում կողմից է կատարվում, երբ և ինչ նպատակով։
Երեխային ընտանիքից վերցնելուց հետո Խնամակալության և հոգաբարձության մարմինը նախ երեխային պետք է տեղավորի որևէ խնամքի կենտրոնում, ապա 7–օրյա ժամկետում պետք է հավաքի անհրաժեշտ փաստաթղթերը դատական հայց ներկայացնելու համար։
Թումասյանն ընդգծեց, որ այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերախմբագրվել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը և այն ներկայացվել է որպես «Երեխայի իրավունքների և պաշտպանության համակարգի» մասին օրենք։ Փոփոխություններ են իրականացվել ընտանեկան օրենսգրքում, որոնք միտված են դաշտի լավարկմանը։
Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից
Թումասյանի խոսքով` շատ ակտիվ են նաև ՀԿ–ները, որոնք անգամ Երևանում տեղակայված լինելով՝ պատրաստակամ են գնալ մարզ և ծառայություններ մատուցել։
Ընդամենը պետք է քարտեզագրել, իմանալ բոլոր կառույցների ռեսուրսներն ու հնարավորությունները և ըստ դրա իրականացնել աջակցություն։
Խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրներին ներսից ծանոթանալու համար զրուցել ենք Երևանի վարչական շրջաններից մեկում աշխատող սոցաշխատողի հետ, որը ցանկացավ մնալ անանուն։
Սոցաշխատողի խոսքով` երբ որևէ դեպքով ահազանգ են ստանում, 10 օրվա ընթացքում այցելում են ընտանիքին և մշտադիտարկման տակ են պահում, ահազանգելով այլ հասարակական կազմակերպություններին։ Համագործակցում են դպրոցի, ոստիկանության, ցերեկային խնամքի կենտրոնների հետ։
«Հիմնական դժվարությունն այն է, որ ընտանիքների հետ աշխատելը շատ դժվար է, հատկապես երբ գործ ունես բազմաշերտ ընտանիքների հետ։ Մեր աշխատանքային գործիքակազմը շատ քիչ է, որպեսզի կարողանանք իրենց հետ աշխատել։ Երբեմն տեսնում ենք, որ ընտանիքի այս կամ այն անդամին հոգեբանական աջակցություն է հարկավոր, բայց չկա անվճար հոգեբանական ծառայություն, չգիտենք ում դիմել»,–ասաց նա։
Անդրանառնալով երեխայի՝ վերը նշված բռնության դեպքին, սոցաշխատողը նշեց, որ հոգեբանները սոցաշխատողների հետ պետք է այցելեին ընտանիքին, կլոր սեղան քննարկումներ լիներ,այլ մասնագետներ հրավիրվեին, որը չի արվել։
«Բայց մենք չունենք այդ ռեսուրսը, որպեսզի մասնագետները գնան ընտանիք, սրտացավ աջակցություն ցուցաբերեն։ Այսինքն մենք գիտենք խնդրի մասին, բայց չունենք լուծում։ Շատ մեծ խնդիր է նաև, որ այսօր հասարակությունը նման դեպերին չի ցանկանում խառնվել, ասում են՝ մեզնից դուրս չգա»։
Ինչ վերաբերվում է նախարարության այն պնդումներին, թե ՀԿ–ներն ակտիվ աշխատում են, սոցաշխատողը համաձայն չէ։
«ՀԿ–ն աշխատում է, երբ խնդիրն իր տարածքում է։ Հակառակ դեպքում, ասում են, որ այդքան ռեսուրսներ չունեն։ Օրինակ մեր վարչական շրջանում ՀԿ–ներ գրեթե չկան։ Մի ծանր հիվանդությամբ երեխա կար, որին մայրը 6 տարի խնամում էր։ Մի օր դիմեց մեզ, որպեսզի օգնենք իրեն երեխային մի քանի ժամ խնամել, որպեսզի ինքն այդ ընթացքում հասցնի աշխատել՝օրվա հացի խնդիրը լուծելու համար։ 10 ՀԿ–ների ենք զանգահարել, ոչ ոք չօգնեց, որի հետևանքով երեխան հայտնվեց մանկատանը»,–ասաց նա։
Ինչ վերաբերվում է ընտանեկան բռնություններին, սոցաշխատողի խոսքով, ամեն ինչ ավելի է բարդանում։ Լինում է, որ բռնության ենթարկված կնոջը աջակցության կենտրոնի հեռախոսահամար են տալիս, հաջորդ օրն ամուսինը գալիս է «իրենց վրա կռիվ»։
«Մի տղամարդ եկավ ինձ ասաց, որ ես ով եմ, որպեսզի իր կնոջն իրավունքների մասին տեղեկություն տամ. «Վիճել ենք, կհաշտվենք, դուք մի խառնվեք»։ Հետո նույն կնոջ հետ մի քանի անգամ կապ հաստատեցինք, երևի վախից ասում էր, որ ամեն ինչ կարգին է»,–նշեց սոցաշխատողը։
Նա եզրափակեց, որ ամեն մի դեպք անհատական է, քանի որ ամեն ընտանիք ունի իր խնդիրները. մի ընտանիք հոգեբանի, մյուսը՝ սոցաշխատողի, երրորդը՝ ծնողավարման հմտությունների դասընթացի կարիք ունի։
Հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ Հայաստանում խնամակալության մարմնի աշխատանքը, զրուցեցինք «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ–ի ներկայացուցիչ Անուշ Գաբրիելյանի հետ։
Ֆիզիկական և հոգեբանական բռնության դեպքեր «Զատիկ»-ում. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
«Հայաստանում խնամակալության և հոգաբարձության մարմինն արդյունավետ չի աշխատում, և դա բազմաթիվ մասնագետների կարծիքն է։ Թերի է աշխատում նաև Միասնական սոցիալական ծառայությունը, որի խնդիրն է վեր հանել ընտանիքում առկա հիմնախնդիրներն ու ներկայացնել խնամակալության մարմնին։ Հատկապես համայնքներում այս մարմինն առաջնորդվում է խնամի, ծանոթ, բարեկամներին հաճո որոշումներով»,–ասաց նա։
Գաբրիելյանը բացատրեց, որ դա մի կողմից ոչ բավարար ռեսուրսներ ունենալու հետևանք է, մյուս կողմից՝ որ Հայաստանում բռնությունը բավականին տարածված երևույթ է, և երբեմն պատկան մարմիններն անձամբ են կոծկում աղմկահարույց դեպքերը։ Օրինակ, կարող են բռնության ենթարկված կնոջից հանցագործության մասին հաղորդում չվերցնել։
Իր խոսքերը հավաստելու համար Գաբրիելյանը մի դեպք պատմեց, երբ միայն իրենց միջամտությունից հետո են պատկան մարմինները գործի անցել։
«Մարզերից մեկում սեռական բռնության դեպք ենք ունեցել, երբ մայրն իր երեխային պարբերաբար տանում էր բանտ` բռնարարի, տվյալ դեպքում հոր հետ տեսակցության և այնպես, որ երեխան գիշերակացով մնա այնտեղ։ Երբ տեղեկությունը մեզ հասավ, մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին հետ կապ հաստատեցինք, իրենք էլ դիմեցին խնամակալության և հոգաբարձության մարմնին»,–ասաց նա։
Գաբրիելյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրն այն է, որ նման դեպքերում պատկան մարմինները արդյունավետ չեն գործում, քանի որ միասնական աշխատանք չի տարվում, այլ առանձին–առանձին։
Նշենք, որ ծեծի և նվաստացման ենթարկված աղջկա, ինչպես նաև այդ ընտանիքի մյուս երեխաների մասնակցությամբ աղմկահարույց դեպքից հետո միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում միջգերատեսչական հրատապ հանդիպում անցկացվեց։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից խոստանում են օպերատիվ շտաբի գործունեությունից հետո դեպքի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով հանդես գալ։