Բացի առևտրից, Հայաստանն ու Ռուսաստանը մեծացնում են կոոպերացիան. ՌԴ էկոնոմիկայի նախարար

ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Երևանում
Մաքսիմ Ռեշետնիկովի կարծիքով՝ տնտեսության մասշտաբային վերակազմավորման պայմաններում Ռուսաստանի բարեկամ երկրների առջև նոր հնարավորություններ են բացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը, բացի առևտրաշրջանառության ծավալներից, ակտիվորեն մեծացնում են նաև կոոպերացիոն կապերը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Երևանում Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Երկու երկրների տնտեսական գերատեսչությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում գործնական նախաճաշ են անցկացնում:
Ինչպես նշել է Ռեշենտնիկովը, ներկայումս համաշխարհային տնտեսական միտումներն այնպիսին են, որ տեղի է ունենում մեծ վերակազմավորում, և այս պայմաններում կարևոր է բիզնեսին առավելագույն ազատություն տալ:
«Շատ ուրախալի է, որ տնտեսական վերաձևավորումը հնարավորություններ է բացում մեր ընկերների, մեր հարևանների համար։ Եվ կարևոր է, որ Հայաստանի տնտեսությունն իսկապես օգտվում է այդ բոլոր հնարավորություններից, և մեր գործընկերներն այստեղ, վարելով իրենց տնտեսական քաղաքականությունը, դա շատ լավ հասկանում են։ Կարևոր է, որ բացի առևտրից, մեզ մոտ զարգանում են նաև կոոպերացիոն կապերը, փոխադարձ ներդրումները։ Աճում է փոխադարձ զբոսաշրջությունը, ինչը նշանակում է, որ աճում են մարդկանց միջև շփումները։ Այս ամենը ամրապնդում է մեր փոխըմբռնումն ու փոխադարձ վստահությունը»,– ասել է նախարարը։
Նա կարևորել է ռուսաստանաբնակ հայ գործարարների դերը ռուսական տնտեսության զարգացման և ամրապնդման գործում: Ռեշետնիկովի գնահատմամբ՝ շատ հայազգի գործարարներ աշխատում են չափազանց արդյունավետ, շատ ներդրումներ են անում, շատ բան են անում Ռուսաստանի և Հայաստանի համար:
Անդրադառնալով բուն ռուսական տնտեսության իրավիճակին՝ Ռեշետնիկովը նշել է, որ միտումները բավականին լավատեսական են՝ հաշվի առնելով այն մարտահրավերների ծավալը, որոնք կանգնած են երկրի առջև: Նա հույս ունի, որ Ամանորից առաջ տնտեսական ցուցանիշները բոլորին կուրախացնեն։
«Մենք բավականին վստահ ենք նայում ընթացիկ և հաջորդ տարվան ինչպես ներդրումների, այնպես էլ բնակչության եկամուտների, սպառողական պահանջարկի, բնակչության վարկավորման առումով։ Դրական միտումներ կան»,– հավելել է ՌԴ էկոնոմիկայի նախարարը։
Նա կարծում է, որ այդ միտումները ինքնուրույն չեն ձևավորվում. մշտական աշխատանք է պահանջվում։ Առաջին հերթին այդ արդյունքները պայմանավորված են ՌԴ տնտեսության շուկայական ակտիվությամբ, համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրմամբ։
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թ. յոթ ամիսներին կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդ դոլարը Հայաստանից Ռուսաստան արտահանումն է, 1,7 մլրդ դոլարը ՝ Ռուսաստանից ներմուծումը։
Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Քերոբյան