Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստան

Արմեն Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհրդի քարտուղարն այնտեղ աշխատանքային հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Գրիգորյանը Նյու Դելի է մեկնելու օգոստոսի 28-ին և այնտեղ է գտնվելու աշխատանքային այցի շրջանակներում։
ՀՀ ԱԽ քարտուղարն այնտեղ հանդիպելու է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Հայաստանն աշխատում է Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
2022-ի հոկտեմբերին կայացավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: Պապիկյանը բանակցություններ վարեց հնդիկ գործընկերոջ հետ, ինչպես նաև մասնակցեց «Defexpo 2022» պաշտպանական խոշոր ցուցահանդեսին։ Նույն օրը «Pinaka» ՀԿՌՀ-ներն արտադրող հնդկական «Solara Group» ընկերության ղեկավարը հայտնեց, որ ընկերությունը պատվեր է ստացել Հայաստանից, և մատակարարումների մասին համաձայնագիր է կնքվել երկու տարով։ Արձակման կայանքների քանակը չբարձրաձայնվեց։
Եվս մեկ պայմանագրի մասին հայտնի դարձավ նոյեմբերի սկզբին։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստանին սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Ի սկզբանե դրանք արտադրվել են քարշակվող տարբերակով, սակայն նույն հնդկական ներքին աղբյուրների տեղեկություններով՝ Հայաստանը կստանա այդ զենքերի ինքնագնաց տարբերակները։ Հաղորդվում էր նաև, որ հրետանային սարքավորումների մատակարարման պայմանագիրը գնահատվում է 150 մլն դոլար, մատակարարումները կիրականացվեն երեք տարվա ընթացքում:
Բաքուն լրջորեն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի ռազմական համագործակցության խորացմամբ