Արցախում կմեկնարկի բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր

Ստեփանակերտ. Արխիվային լուսանկար
Գործելու է թեժ գիծ և Telegram ալիք, որպեսզի քաղաքացիներն այս տարբերակով կարողանան դիմել հոգեբանական աջակցություն ստանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Արցախում բնակչության աջակցությանը միտված հոգեբանական ծրագիր է մեկնարկելու։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ծրագիրն իրականացվելու է «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) միջազգային մարդասիրական կազմակերպության հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում։
«Արցախցիները նմանատիպ հարցերով կարող են դիմել Telegram ալիքի և 23-23 թեժ գծի (գործելու է անվճար) միջոցով։ Թեժ գծի շնորհիվ քաղաքացին հնարավորություն կունենա օգտվելու հոգեբանական աջակցությունից և անհրաժեշտության դեպքում քաղաքացուն կուղղորդեն ԱՀ առողջապահության նախարարության հոգեբանների կամ Երևանում գործող ԲԱՍ-ի հոգեբանի մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հոգեբանական աջակցությունը կտրամադրվի խմբային սեսիաների և իրազեկվածության բարձրացման սեմինարների միջոցով, որը կվարեն ԲԱՍ-ի հոգեկրթողները և հոգեբանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։