ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. 440 մարդ 2023 թ. առաջին կիսամյակում դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Ըստ հրապարակման` 440 մարդուց 156-ի դիմումը կարճվել է, 55-ինը` մերժվել,, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել 179 մարդ։
2023 թ. առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցել` 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ, 3–րդ տեղում Իրանի՝ 40 մարդ։
Ցանկում Ռուսաստանը 6-րդ տեղում է. ընդամենը 18 մարդ է դիմել ՀՀ–ին ապաստան ստանալու համար։ Սա այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացիների հոսքը դեպի ՀՀ վերջին տարիներին գրեթե կրկնապատկվել է։
Ի դեպ, ըստ միգրացիայի և քաղաքացիության ծառայության հրապարակած տվյալների` ցանկում կան Ադրբեջանի 2 և Թուրքիայի 10 քաղաքացիներ։ Ադրբեջանի քաղաքացիները արական սեռի ներկայացուցիչներ են, որոնցից մեկի դիմումը կարճվել է, մյուսի ընթացքը չի նշված։
Թուրքիայի 10 քաղաքացիներից երկուսի դիմումը կարճվել է, մեկը` մերժվել, մյուս դիմումների ընթացքի մասին չի նշվում։
Հայաստանից ապաստան են հայցել նաև Նիգերիայի, Իսրայելի, Տաջիկստանի, Մարոկկոյի և այլ երկրների քաղաքացիներ։
Ի դեպ, վերջին 5 տարիների ընթացքում՝ 2019-2023 թվականներին, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 11-րդից բարձրացել է 7-րդ հորիզոնականին։