ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Telegram ալիքը:
Նշվում է, որ Վիկտոր Կրիվոպուսկովին այսօր վաղ առավոտյան Մոսկվայից ժամանել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայան «Աերոֆլոտ» չվերթով։
2009–2013 թթ նա եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդականը:
Հիշեցնենք` այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին:
Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: