ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրտսեր բուժաշխատողը, մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ, հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ բուժկենտրոնի պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողը, որը2010-2018 թթ. զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, փաստացի չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները, սակայն տարիներ շարունակ ստացել է աշխատավարձ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ դրան օժանդակել են նույն բաժանմունքի մի խումբ աշխատակիցներ:
«Շուրջ ութ տարի շարունակ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին տեղյակ են եղել նույն բաժանմունքի վարիչը, վերջինիս ժամանակավոր փոխարինած անձինք, մասնավորապես՝ ավագ լաբորանտը, ավագ բուժքույրը և վերջինիս փոխարինողները, սակայն յուրաքանչյուր ամիս կազմվող բաժանմունքի աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում, խեղաթյուրելով իրականությունը, ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ կրտսեր բուժաշխատողն իրականացրել է աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
2010–2018 թթ. հաշվարկվել և կրտսեր բուժաշխատողին վճարվել է 19 075 571 ՀՀ դրամ, որից 12.282.329 ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ մնացածը՝ որպես սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ՝ ԲԿ–ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Կրտսեր բուժաշխատողին մեղադրանք է ներկայացվել խարդախություն, իսկ բաժանմունքի վարիչին և ավագ լաբորանտին՝ խարդախությանը հանցակցելը, փաստաթղթեր կեղծելը հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով վարույթն, իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:
Հիշյալ 3 անձանց վերաբերյալ հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: