ՍԱՏՄ–ն ամառային ճամբարներում խախտումներ է հայտնաբերել

Արխիվային լուսանկար
Խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ամառային ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքներում 12-ից 7 ճամբարում հայտնաբերվել են խախտումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ստուգումներ անցկացվել են Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:
«Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին»,– ասված է հաղորդագրությունում:
Արդյունքում կասեցվել է «Լավա-Աղբյուր» ճամբարի խոհանոցի գործունեությունը, քանի որ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
«Հանքավանի խոտորջուր առողջարանում» և «Հասմիկ» ճամբարում ՍԱՏՄ–ն hայտնաբերել է թերի մակնշմամբ սննդամթերք։
««Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» ճամբարում մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը նույնպես կասեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ծաղկաձորի մանկական ճամբարներից մեկի խոհանոցի աշխատանքը կասեցվել է
«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում նույնպես կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք:
Անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել։
«Ռ․ և Գ․» ճամբարում էլ խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
ՍԱՏՄ–ից հայտնում են, որ խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության: