ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում, մեկնաբանելով կազմակերպության կատարած աշխատանքը, կազմակերպության ընդլայնման որոշումը բարդ է անվանել և շնորհավորել է նոր անդամներին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ ԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները ՀԱՀ-ում կայացած գագաթնաժողովի արդյունքներով որոշում են կայացրել Արգենտինային, Եգիպտոսին, Իրանին, Եթովպիային, ԱՄԷ-ին եւ Սաուդյան Արաբիային հրավիրել դաշինքի լիիրավ անդամ դառնալ:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հարավաֆրիկացի ընկերներին այն ամենի համար, ինչ նրանք արել են համատեղ աշխատանքի ընթացքում, նկատի ունեմ հայտարարագրերի համաձայնեցման աշխատանքը։ Պետք է նշեմ, որ, ինչպես պարզվեց, այդ աշխատանքը հեշտ չէր»,-հայտարարել է Պուտինը։
Նա նաև շնորհավորել է կազմակերպության նոր անդամներին:
«Կուզեի շնորհավորել մեր նոր անդամներին, որոնք լիաֆորմատ մասշտաբով կաշխատեն հաջորդ տարի, և ուզում եմ բոլոր գործընկերներին հավաստիացնել, որ մենք կշարունակենք այն գործը, որն այսօր սկսել ենք ձեզ հետ միասին՝ աշխարհում ԲՐԻԿՍ-ի ազդեցության ընդլայնման ուղղությամբ»,-ասել է Պուտինը:
ԲՐԻԿՍ գագաթաժողովն անցկացվում է Յոհանեսբուրգում օգոստոսի 22-24-ը, դրան ներկա են Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի ղեկավարները, Ռուսաստանը ներկայացնում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովին մասնակցում է տեսակոնֆերանսի ռեժիմով: