ՊՆ պաշտոնյան ՀՀ պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն դրամ

Դրամ
Պաշտոնատար անձի կողմից պետությանը պատճառված շուրջ 2 մլն դրամի վնասը վերականգնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձը պետական բյուջեի միջոցներից հափշտակել է շուրջ 2 մլն դրամ, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետի պաշտոնը, կատարել է խոշոր չափերով խարդախություն:
Տ. Գ.-ն 2021 թվականի նոյեմբերին իր մտերիմներից մեկին հայտնել է, որ զորամասի կաթսայատանն առկա է երկու սեզոնային աշխատակցի թափուր հաստիք:
«Տ. Գ.-ն տեղեկացրել է նաև, որ այդ անձինք փաստացի աշխատանքի չեն հաճախելու և յուրաքանչուր տարվա 4 ամսվա աշխատավարձը պահելու են իրենց, իսկ մյուս 8 ամսվանը՝ փոխանցելու են իրեն»,– նշված է հաղորդագրության մեջ:
Տ. Գ.-ի մտերիմը վերը նշված պայմաններով աշխատանքի ընդունվելու առաջարկը ներկայացրել է իր ծանոթներին, որոնք համաձայնել են։ Արդյունքում Տ. Գ.-ն խաբեությամբ հափշտակել է ավելի քան 1.951.000 ՀՀ դրամ:
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հոդվածով:
Տ. Գ.-ն լիովին ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու տվել խոստովանական ցուցմունքներ: Պետությանը պատաճառած վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: