ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևան–Սևան ավտոճանապարհով Ծաղկաձոր ուղևորվելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյանը ձայնային ազդանշան տալու համար պարեկները 4 արձանագրություն են կազմել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ միջադեպը եղել է այսօր` ժամը 15:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքում։
«Այդ ամենը կատարվել է Նիկոլի (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին- խմբ.) դրդմամբ ու պարեկների ձեռամբ։ Փաշինյանի շքախումբն ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն»,– գրել է Մելիքյանը։
Փաստաբանը շեշտել է, որ մեքենան կանգնեցրել են, ամբողջությամբ ստուգել ու 4 արձանագրություն կազմել.
1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար
2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար
3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար
4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։
Մոտ 1 ժամ ստուգելուց հետո քաղաքացուն բաց են թողել։
«Դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ»,– նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Ծաղկաձորում մասնակցում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։
Ինչ վերաբերում է 2018 թվականին հնչած ձայնային ազդանշաններին, ապա դա «թավշյա հեղափոխության» ժամանակ էր, երբ Փաշինյանի կողմնակիցները փողոցներ էին փակում, մեքենաներով էլ ազդանշաններ տալիս ի նշան բողոքի։